Հասարակություն 

Շատերը մտածում են՝ այն, ինչ թույլատրելի էր Փաշինյանին՝ կոտրել ռադիոտան դուռը, փակել փողոցներ, նույնի իրավունքն էլ իրենք ունեն. Քոչարյան

analitik.am

Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն, անդրադառնալով Իջևանի վերջին դեպքերին, ասաց, որ շատերը մտածում են, թե այն, ինչ թույլատրելի էր Փաշինյանին՝ կոտրել ռադիոտան դուռը, քանի որ դա «ժողովրդի դուռն է», փակել փողոցներ, ճանապարհներ, նույնի իրավունքն էլ իրենք ունեն:

Սակայն, ըստ փորձագետի, Փաշինյանը դեռ չի բացատրել, թե ինչ պետք է հասկանալ ժողովուրդ ասելով. փողոց փակողների որ մասն է ժողովուրդ կոչվում և որ մասը՝ հակահեղափոխական մութ ուժեր:

«Իջևանցին, որը փողոց էր փակում կամ գոռում, քար էր գցում ոստիկանի վրա, ինքը չէր համարում, որ հակաօրինական քայլ է անում, որովհետև այդ ամենը ինքը տեսել է յութուբում, լայվերում», -ասաց Քոչարյանը:

Analitik.am-ի հարցին պատասխանելով՝ բանախոսը խոսեց նաև ՊՊԾ գնդի գրավման մասին՝ հայտարարելով, որ ինքն առաջարկել է զոհված գնդապետ Վանոյանին ազգային հերոսի կոչում տալ, քանի որ նա մինչև վերջ, կյանքի գնով կատարել է պետական օբյեկտի պաշտպանություն:

«Ինձ համար անհասկանալի էր, ինչու այդ դեպքը չորակվեց որպես ահաբեկչություն, ինձ համար անհասկանալի է՝ ինչու են այդ խմբակցության անդամների մեծ մասը ազատության մեջ, անհասկանալի է նաև ԲՀԿ պատգամավորների երաշխավորությունը, առավել անհասկանալի է՝ ինչպես կարող էր այդ կուսակցությունը մասնակցել ընտրություններին», - պատասխանեց մեդիա փորձագետ Քոչարյանը, ում համար անհասկանալի է նաև, թե ինչպես է, որ քաղաքացիների մի խմբի կարելի է, իր խոսքերով,  ահաբեկչություն անել, մարդ սպանել, բանկոմատ թալանել, պատանդ պահել՝ հետո էլ ընտրությունների մասնակցել, իսկ մյուսներին՝ ոչ:

«Ոստիկանության արձագանքը իջևանյան ծեծին ինձ համար համաչափ էր, բայց լավ կլինի, որ դա կիրառվի բոլորի նկատմամբ», - ասաց Քոչարյանը և, իր խոսքերով, որպես խտրականության դրսևորման օրինակ. հիշեցրեց այն, որօդանավակայանի ճանապարհը փակած, գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքողների հետ խաղաղ բանակցություններ էին վարում «Իմ քայլը» -ի պատգամավորները, իսկ երբ ապամոնտաժվող սրճարանների աշխատողներն էին փողոց փակում, նրանց հանդեպ ուժ էր կիրառվում…

Ըստ Քոչարյանի, պետության ղեկավարը պետք է հստակ սահմանի խաղի կանոնները, որոնք բոլոր քաղաքացիների համար պետք է նույնը լինեն:

Նույն շարքից