Գլխավոր Տնտեսություն 

Շիրակի մարզին հացի խնդիր է սպառնում

analitik.am

Շիրակի մարզին հացի խնդիր է սպառնում. այս տարի հուլիս ամսին բնակլիմայական աղետների հետևանքով մարզի հացահատիկի արտադրությունը կրել է շուրջ 20 տոկոսի կորուստ: Այս մասին Analitik.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Ըստ նրա, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն, ապա լուրջ խնդիր է սպառնում մարզին. մարզում գյուղացիական տնտեսություններ կան, որոնք հացահատիկի 100 տոկոս կորուստ են ունեցել և անգամ սերմացու չունեն հաջորդ տարվա համար, իսկ ցանքսը մարզում հիմնականում ավարտվում է օգոստոս ամսին, հացահատիկի ցանքատարածություններ գտնվում են բարձրադիր գոտում և նրանց խնդիրը պետք է հրատապ լուծվի:

«Շիրակի մարզը տարեկան 100-120 հազար տոննա հացահատիկ է արտադրում, որի 20 տոկոսը կամ ցրտահարվել է, կամ կարկտահարվել»,- ասաց նա և նշեց, որն այս թիվն ավելի խոշոր է քան Արագածոտնի կամ Վայոց ձորի մարզերի հացահատիկի արտադրության ցուցանիշը:

Նա նաև նշեց, որ ցրտահարությունների, ուժեղ քամիների և երաշտի հետևանքով մարզը միայն հունիս-հուլիս ամիսներին կրել է 3 մլրդ դրամի վնաս, նման թվեր շուրջ 20 տարի չեն գրանցվել մարզում, և եթե գրանցվել են ողջ տարվա կտրվածքով, ոչ թե մեկ-երկու ամսվա:

«Վնասվել է շուրջ 9 000 հա հացահատիկի ցանքատարածություն, մասնավորապես Սիզավետ համայնքում 3,5 հա, իսկ Բավրայում՝ 5,7 հա հնդկացորեն: Նաև Շիրակի մարզում մշակվող ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածությունները: Համապատասխան ակտ է կազմվել և ուղարկվել կառավարություն»,- ասաց Մովսես Մանուկյանը, չբացառելով, որ կառավարությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի բնակլիմայական աղետից տուժածներին: Իսկ այս թվերը, ըստ նրա, արտացոլում են 50-ից 100 տոկոս կորուստ ունեցողներին, իսկ կան մասնակի կորուստ ունեցող գյուղացիական տնտեսություններ և եթե նրանց ևս ներառեին, ապա այս թիվը անհամեմատ ավելի մեծ կլիներ:

Նա նաև նշեց, որ 2018թ-ին փոխհատուցում է եղել, մոտավորապես վնասի 4-5 տոկոսի չափով. մեկ հա-ի համար փոխհատուցել է կառավարությունը 30 000 դրամ, այնինչ եկամուտը կազմում է 300 000 դրամ:

Պարզվում է գյուղվարչության կապը նամակագրական է Էկոնոմիկայի նախարարության միջոցով, ընդհանուր հանդիպում գյուղատնտեսության գծով պատասխանատու փոխնախարարի հետ տեղի չի ունեցել, իսկ Շիրակի մարզպետը մարզի գյուղատնտեսական խնդիրները ներկայացրել է տարածքային կառավարման նախարարին: Հայրենի գյուղոլորտը երբեք նման ծիծաղելի իրավիճակում չէր հայտնվել՝ գյուղատնտեսական խնդիրները ներկայացվում են տարածքային կառավարման նախարարին, ով մասնագիտությամբ պատմաբան է: Երկրի թիվ մեկ գյուղատնտեսական խնդիրները պետք է պատմության մասնագետը որոշի, քանի որ մի երկիր, որի բնակչության 500 000 մարդ ներգրավված է գյուղոլորտում նախարարություն որպես այդպիսին չունի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից