Քաղաքականություն 

Հերքում են

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է մարզպետ Դավիթ Գևորգյանի մասին hraparak.am կայքի հոդվածը, որը հրապարակվել է նաև Analitik.am կայքում: Խոսքը մասնավորապես վերաբերում է «ՄԱՔՈՒՐՆԵՐԸ»․ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԻՐ ՏԵՂԱԿԱԼԸ» և «Զուգարանի թղթի առաքիչից մինչև մարզի ղեկավար. Ո՞վ է Արագածոտնի մարզպետը» վերտառությամբ նույնաբովանդակ հոդվածներին և այդ հղումով մամուլում տարածված այլ հրապարակումներին:

Մարզպետարանից պնդում են, որ նյութը զուրկ է տրամաբանությունից, բացարձակ անհիմն է, պարունակում է բազում սուտ տեղեկություններ և արատավորում է մարդու բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:

«Այսպես, ըստ հրապարակման՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊ ընկերությունը մեկ միլիոն ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել Դավիթ Գևորգյանի դեմ: Հիշյալ գործը 2015թ. քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, սակայն լրատվամիջոցները գործը որակել են իբրև յուրացում: Նշված գործը յուրացման մասին վկայող որևէ դրույթ, որևէ տարր չի պարունակում, բացի այդ յուրացումը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք: Հետևաբար, եթե գործը լիներ յուրացման մասին, ապա այն կքննվեր ՀՀ քրեական դատավարության ընթացակարգով:

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ այս գործով վերջնական դատական ակտով հայցից հրաժարումն ու գործի կարճումը ոչ թե այն բանի հետևանք է, որ Դավիթ Գևորգյանը մինչև գործի ավարտը վճարել է այս գումարը, այլ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՀԱՅՑՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅՑԻՑ, ԵՐԲ ՊԱՐԶ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է, և այդ գործով որևէ կողմից որևէ վճարում չի եղել:

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անձանց պիտակավորելուց, չիրականացրած և քրեորեն պատժելի արարքներ կամայականորեն մեղսագրելուց:

Հրապարակման երկրորդ մասով պետք է արձանագրել, որ կենցաղային քիմիայի ապրանքների, հիգիենիկ միջոցների և պարենային ապրանքների տարածումով զբաղվող «Առգե բիզնես» ՍՊԸ-ում Դավիթ Գևորգյանն աշխատել է որպես շուկայի ուսումնասիրության մասնագետ, ինչի վերաբերյալ նշված է նաև մարզպետի կենսագրության մեջ:

Շուկայի ուսումնասիրության մասնագետի և առաքիչի գործառույթներն իրարից էականորեն տարբերվում են: Այո՛, մարզպետը կոնկրետ այս ընկերությունում զբաղվել է շուկայի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ, ավելի կոնկրետ՝ "Procter and gamble" հանրահայտ ապրանքանիշի ապրանքների մասով շուկայի հետազոտությամբ, ինչը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ զբաղվել է ապրանքների վաճառքով կամ առաքմամբ:

Այս մասով ևս լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս անձանց աշխատանքային գործունեությունն ու պայմանագրով սահմանված գործառույթները զուտ սեփական հայեցողությամբ չմեկնաբանել, անձնական պատկերացումը որևէ աշխատանքի նկատմամբ չներկայացնել իբրև իրողություն: Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ներկայումս ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Գևորգյանը երբևէ առաքիչ չի աշխատել, սակայն ինչպես մարզպետը բազմիցս նշել է,  եթե աշխատած լիներ, այդ մասին հպարտությամբ կնշեր իր կենսագրականում:

Նույն նյութում հիշատակված է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանի դեմ ներկայացված ֆինանսական պարտավորություններ ենթադրող հայցի քննման մասին: Նշված գործով դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, գործը  որևէ աղերս չունի խաղամոլության հետ: Եթե հոդվածի հեղինակն առավել ուշադիր ուսումնասիրեր գործում առկա փաստերը, կհասկանար, որ նույնիսկ եթե այն կապ ունենար խաղամոլության հետ, ապա ակնհայտ է, որ դա վերաբերելի է դատավարությամբ չանցնող լրիվ այլ անձի, և հետևաբար՝ հրապարակման մեջ արված ձևակերպումներն օբյեկտիվության եւ անաչառության որևէ նշույլ չունեն:

Հոդվածը եզրափակված է «Զուտ պաշտոնականն է, որը ապացուցման կարիք չունի» արտահայտությամբ, սակայն անթույլատրելի է նման հայտարարությունն այն պարագայում, երբ գործով վերջնական, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս չկա մի դեպքում, իսկ մյուս դեպքում՝ պաշտոնապես կա գործի կարճում՝ հայցից հրաժարվելու հիմքով:

Հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից պահանջում ենք. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով մեկշաբաթյա ժամկետում, տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի և այլ չափանիշներին չզիջող պայմաններով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում՝ առանձին նյութով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն հերքումը չհրապարակելու դեպքում, Արագածոտնի մարզպետը և փոխմարզպետը իրացնելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքը և վիճարկելու են լրատվամիջոցների գործողությունները /անգործությունը դատական կարգով:

Լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունը իբրև ճշմարիտ նյութ ներկայացնելուց և նախքան այն տպագրելը փորձեք  ձեզ մատուցված տեղեկատվություն/ապատեղեկատվությունը ճշգրտել Արագածոտնի մարզպետարանի հետ»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից