SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարաձգել է իրենց հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը:
Քույրերին արգելվում է տեսակցել միմյանց, դուրս գալ երեկոյան ժամերին և օգտվել համացանցից: Նրանք այժմ մեղադրվում են խմբակային կանխամտածված սպանություն գործելու հոդվածով: Նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում: Իսկ քույրերից կրտսերին՝ Մարիային, սկզբում պետք է բուժեն, հնարավոր է բուժումը նաև հարկադիր լինի: Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մարիան ունի հոգեկան խնդիրներ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել անցած տարի հուլիսի 27-ին: Քույրերը դանակով բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց հորը, իսկ հետո հայտարարել էին, որ վրեժխնդիր են եղել հոր կողմից իրենց հանդեպ գործադրած բռնությունների դիմաց:
Հետմահու հոգեբանական փորձաքննությունը Միխայիլ Խաչատուրյանի մոտ արձանագրել էր շեղումներ: