Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանն արդեն քաղաքական առումով որոշված է և մնում է կողմերի հետ համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ, ինչը ժամանակի խնդիր է. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց բելառուսցի փորձագետ, «Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին:
Ըստ նրա՝ արդեն իսկ երեք երկրների կողմից հստակ համաձայնեցվել է ճանապարհային քարտեզը, որտեղ հաստատված է Հայաստանի անդամակցության հարցը և բանակցություններով մնում է միայն համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ:
Հարցին, թե ամեն դեպքում հոկտեմբերի 10-ին ի վերջո կստորագրվի ՀՀ-ի անդամակցությունը հաստատող փաստաթուղթը, բանախոսը նշեց, թե չի ցանկանում գուշակությամբ զբաղվել, բայց հաստատեց. «Եթե նշված տեխնիկական հարցերում համաձայնություն չլինի, շատ հնարավոր է, որ հետաձգվի փաստաթղթի ստորագրումը, բայց դա լուրջ նշանակություն չի կարող ունենալ և մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բոլոր այն դրական ազդեցություններից, ինչ նախատեսում է ԵՏՄ-ն»:
Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինը համաձայնվեց, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը չիրականանալու ոչ մի լուրջ պատճառ չկա։ «Ինձ թվում է Հայաստանը կանդամագրվի ԵՏՄ-ին, իսկ ձգձգումը տեխնիկական խնդիր է, ոչ մի լուրջ պատճառ չկա: Ներկա դրությամբ, եթե հանդիպումը կայանա, կարծում եմ, որ այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի»,- ասաց նա:
Փորձագետը նշեց, թե այն տեսակետը, որ ԵՏՄ անդամ պետությունների ներսում լուրջ տարաձայնություններ կան ՀՀ-ի անդամակցության հարցով, իրականությանը չեն կարող համապատասխանել, քանի որ բոլոր անդամ երկրներն էլ ողջունել են Հայաստանի անդամակցությունը:
Հարցին, թե ըստ նրանց Հայաստանից հետո հաջորդ անդամակցող երկիրը որը կլինի՝ ռուս փորձագետը նշեց, որ իր կարծիքով դա կլինի Ղրղըզստանը, չնայած որ նա խորհուրդ տվեց չշտապել:
Բելառուս փորձագետը նշեց, թե իհարկե ԵՏՄ-ի ընդհանուր տնտեսական շուկան պետք է ընդարձակել, իսկ այսօրվա դրությամբ արդեն կա հետաքրքրվածություն այս միության նկատմամբ Միջին Ասիայից։ «Բայց այդ ընդարձակումը չպետք է ինքնանպատակ լինի, գործընթաց հանուն գործընթացի: Գիտենք, որ Միջին Ասիայից հետաքրքրվածություն կա, բայց նաև հասկանում ենք, որ այդ երկրները խնդրահարույց են, այնտեղ մեծ է աշխատանքային միգրացիային վերաբերող խնդիրները, կան հարցեր, որոնք վերաբերում են տեռորիստական խմբավորումներին և թմրամիջոցների տարածմանը, այդ իսկ պատճառով պետք չէ շտապել ԵՏՄ-ի ընդարձակման հարցերում»,- ասաց նա: