Հայաստան 

Վերացվում են գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները

analitik.am

Նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը: 

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է նաև թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման բարձրացման հարցը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել է որակավորման քննությունների ավելի թափանցիկ ընթացակարգ: 

Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնական թվաքանակը հաստատելու իր նախկին որոշման առաջին հավելվածը` այն համապատասխանեցնելով ոլորտը կարգավորող օրենքների պահանջներին:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը հստակեցրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի լիազորությունները, ընդլայնել կրթահամալիրի կանոնադրական նպատակները, սահմանել, որ կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացած եկամտի 20 տոկոսն ուղղվելու է կրթահամալիրի հաշվին: 

Կառավարության որոշմամբ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին թույլատրվել է 2014-2015 ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում երեք տարի ժամկետով իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» անգլերեն ծրագիրը:

 

2014թ. երկրորդ եռամսյակում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին նվիրաբերվել է մոտ 217 մլն դրամ, իսկ ծախսը կազմել է ավելի քան 200 մլն դրամ. այս ցուցանիշները կառավարության որոշմամբ հաշվառվել են ընթացիկ տարվա պետբյուջեում: 
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մոտ 20 մլն դրամ` 2014թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրերի պետական տուրքի վճարը փոխհատուցելու նպատակով:

Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Նիստում մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. ամառային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի բակալավրիատի սան, Արթիկի բնակիչ Հայկ Տեփանյանին: Արմավիրի բնակիչ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայի սան Արմեն Մկրտչյանը տարկետում է ստացել մինչև ուսումնառության ավարտը` 2015թ. ձմեռային զորակոչը:

Նույն շարքից