Հայաստան 

Մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում սեպտեմբերի 18-ին կայացած լիագումար նիստով մեկնարկել է 5-րդ գումարման Խորհրդարանի 10-րդ նստաշրջանը։  Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, նիստը, որին ներկա են եղել նաև իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներ, վարոլ է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Վերջինս ամփոփ  ներկայացրել է ամռան ընթացքում խորհրդարանի կողմից կատարված աշխատանքներն ու տարբեր ձևաչափերով հանդիպումներն արտասահմանից ժամանած օրենսդիր մարմինների  ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տարվել քաղաքական ուժերի և իշխանության թևերի կողմից ներկայացված օրենսդրական նախագծերն ու առաջարկությունները համակարգելու և հերթական նստաշրջանում  ներկայացնելու ուղղությամբ։ ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև հուլիս-օգոստոսին  սահմանին ստեղծված լարված իրադրությանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ խորհրդարանը ևս հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։

 

Այնուհետև նստաշրջանի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով զոհված ԼՂՀ ՊԲ զինծառայողների հիշատակը։

 

Հաստատելով նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգը՝ խորհրդարանը ձեռնամուխ է եղել օրակարգում ընդգրկված հարցերի և օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, որոնք վերաբերել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծին, «Առևտրի և ծառայությունների մասին», «Պետական տուրքի մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամմթերքի անվտանգության մասին» «ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

 

Լիագումար նիստի ընթացքում  ԼՂՀ  2014 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությամբ է հանդես եկել ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը:

 

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այսօր` սեպտեմբերին 18-ին, Շոտլանդիայում անց է կացվում անկախության հանրաքվե և, անկախ արդյունքներից, այն մեծ ձեռքբերում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչման տեսանկյունից։

Նույն շարքից