Այսօր ՀՀ ոստիկանությունն ավելի պատրաստված է, դուխով է, հանդուրժող չէ, կաշկանդված չէ, ուժեղ է, բայց նույն հաջողությամբ անպաշտպան է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Օսիպյանը նշեց, որ այսօր կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով ոստիկաններն անպաշտպան են. Ես համարում եմ, որ մենք անպաշտպան ենք: Կան պատգամավորներ, որոնք օրենսդրական փոփոխություններ են ցանկանում անել, ինչը ես ողջունում եմ: Դա թույլ կտա ավելի ուժեղ լինել:
Ոստիկանապետն անթույլատրելի համարեց ոստիկանին վիրավորելը, անպատվելը, քաշքշելը և անպատիժ մնալը. «Դա օրենսդրական բաց է: Այս խնդիրը եղել է միշտ: Փորձում ենք անել այնպես, որ վաղն այլ կերպ լինի»:
Օսիպյանը նշեց, որ ոստիկանները վախ չունեն, հակառակ դեպքում սահման չէին պահի, որտեղ գոնե մեկ դեպք չի եղել. «Վախկոտ ոստիկանը չի կարող այդպես երկիր պաշտպանել: Ես չեմ ուզում ասել, որ նախկին ոստիկանները վատն են եղել ու ամենապուպուշը ես եմ: Բոլոր ժամանակներում էլ բախում լինելու է ոստիկանների և հանցագործների միջև, նախկինում էլ են ոստիկանի գլուխ ջարդել, մի՞թե օրը ցերեկով երեք ոստիկան չեն սպանել: Այսօր ոստիկանությունն օպերատիվ վիճակին տիրապետում է, կամք ունի հանցագործության դեմ պայքարելու համար, թույլ չենք տալու սահմանադրական կարգը խախտել, մեղավորը տեղում խստագույնս կպատժվի»: