Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի մասով: Դատարանը չբավարարեց դատախազության բողոքը:
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:
2018 թվականի հուլիսի 30-ին՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ հանվել էր:
Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: