Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նաև նոր մեդալներ ու շքանշաններ է շնորհել: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության պարգևների և կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը` այս տարի առաջին անգամ տրվել են շքանշաններ ու մեդալներ, որոնք նախկինում չեն եղել:
«Այս տարի առաջին անգամ ուժի մեջ մտան նոր հիմնված մեդալներ ու երեք շքանշան: Դրանք են՝ «Բարեկամության» շքանշանը, որը չունեինք, բայց անհրաժեշ էր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար շքանշանը: Նույն անվանումով մեդալ ունեինք երկու աստիճանի, բայց հիմնվեց նաև շքանշան` դարձյալ երկու աստիճանի»,-ասաց նա:
Ջեմմա Հակոբյանը նաև նշեց, որ այս տարի շնորհվել են «Երախտագիտության», «Աշխատանքային վաստակի համար», ինչպես նաև` «Ծնողական փառքի» մեդալներ:
Վերջինն այսօր ստացել է 13 երեխաների հայր Վոլոդյա Մկրտչյանը, ում կինը մահացել էր ընդամենը 5 ամիս առաջ: Ւնչպես պատմեց բազմազավակ հայրը` 13 երեխաներից 4-ը տղա են, 9-ը աղջիկ: Բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն:
«Երեխաներիցս երեքը ստացել են երկու բարձրագույն կրթություն, մեկը՝ երեք: Իսկ որ երեխաների քանակն են հաշվում` դա ճիշտ չէ, պետք է որակ լինի, իսկ որակը աշխատանքով ու սիրով պետք է լինի»,-ասաց նա:
Նա խաղաղություն մաղթեց երկրին և նշեց. «Մենք պետք է լինենք միասնական ու սիրով,թող աշխարհում լինի խաղաղություն: Ամեն ինչ լավ կլինի»: