Հասարակություն 

Հրշեջները կզինվեն տեսախցիկներ ունեցող սաղավարտներով. ԱԻՆ-ին հավելյալ 260 միլիոն տվեցին

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա կառավարության նիստում նախագիծ ներկայացրեց՝ առաջարկելով 2019 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարել և հավելյալ 260 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը:

Ցոլակյանը նշեց, որ այս տարի հրդեհների կանչի թիվը նախորդ տարվա հետ համեմատած աճել է գրեթե 2 անգամ, ինչ արդյունքում կա վառելիքի գերածախս: Այդ ծախսը պայմանավորված է ինչպես նրանով, որ մեքենաները մեծ կանչեր են սպասարկել, այնպես էլ այն պատճառով, որ մեքենաների թիվն է աճել: Այս նպատակով պետք է 42 միլիոն դրամ:

ԱԻՆ-ին 14 միլիոն դրամը պետք է հատուկ ուսապարկերով զինվելու համար, որոնց մեջ ջուր կլինի և կօգտագործվի այն մասերում, որտեղ մեքենաները մուտք չունեն:

Անհրաժեշտ է նաև մարտական համազգեստ, որը պետք է ունենան բոլորը: 95 միլիոն դրամ է հատկացվելու, որ գոնե խնդիրը մասամբ կլուծի:

Հատկացվող միջոցներից գումար տրամադրվելու է նաև հրշեջների սաղավարտները տեսախցիկներով զինելու համար, որոնք հնարավորություն կտան նկարահանել հրդեհի պահը և օն լայն հաղորդել կենտրոնին, ինչը լրացուցիչ քայլեր անելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ պայման է: Նախարարի խոսքերով, հրշեջները հիմա ստիպված են լինում նկարահանել բջջայինով, ինչը վատ է, քանի որ անձնակազմն առանց այդ էլ փոքր է, իսկ մեկ հրշեջ ուղղակի նկարահանում է իրականացնում, դրա որակն էլ լավը չի լինում: Սրա համար անհրաժեշտ է 28 միլիոն դրամ:

Հրշեջներին անհրաժեշտ են նաև սղոցներ և այլն:

Նախագիծն ընդունվեց:

Նույն շարքից