Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հարցն իշխանությունների օրակարգում է: Այս մասին կան հրապարակային դիրքորոշումներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից՝ առնվազն նախարարի և փոխնախարարի մակարդակով: Այս մասին հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:
Փաստաբաների պալատի նախագահի խոսքերով, եթե իրենք դեմ են արտահայտվում Ստամբուլյան կոնվենցիային, չի նշանակում, որ լեգիտիմացնում են բռնությունը, ինչի մասին խոսվում է ոմանց կողմից:
Զոհրաբյանը դատապարտեց ցանկացած բռնություն:
ՓՊ նախագահը հասկանում է այն մարդկանց, ովքեր մտածում են, թե կոնվենցիայով պայքար է լինելու բռնության դեմ, կոնվենցիայի տեքստում խնդիր չեն տեսնում, սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև այլ տեսանկյունից:
Զոհրաբյանի խոսքերով, խորհրդանշական է, որ կոնվենցիան ընդունվել է Ստամբուլում, քանի որ Թուրքիայում իրականացվել է բռնությունների ամենազազրելի տեսակը:
Բանախոսը հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից միայն 34-ն են ստորագրել ու վավերացրել կոնվենցիան, 11 պետություն (նաև Հայաստանն ու Մեծ Բրիտանիան) ստորագրել է և չի վավերացրել, Ռուսաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես չեն ստորագրել կոնվենցիան:
Զոհրաբյանը չհերքեց, որ կոնվենցիայում դրական կարգավորումներ էլ կան՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի օրենսդրությունն արդեն կարգավորում է այն հարցերը, որոնք կարգավորվելու են կոնվենցիայով: