Ապաստարանը պետք է լինի պետական կառույց: Այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով ընտանեկան բռնության ենթարկվածներին ապաստարան տրամադրելու մասին:
«Պատկերացրեք, որ կնոջը տեղափոխել եք ապաստարան, որտեղ նա բռնության է ենթարկվել: Ո՞վ է պաշտպանելու նրան: Մենք օրինակ ծանր պատիժ ենք պահանջում սահմանել ապաստարանների աշխատակիցների նկատմամբ, ովքեր բռնություն կկիրառեն, որպեսզի դա կանխարգելիչ դեր ունենա: Այսօրվա օրենսդրությունը թույլ է տալիս ապաստարան ստեղծել այն ՀԿ-ներին, որոնց մեծ մասը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության քարոզով են զբաղվում: Մենք լուրջ կասկած ունենք, որ այդ ՀԿ-ների ստեղծած ապաստարաններն իրենց նպատակին չեն ծառայելու, ընդհակառակը՝ ընտանիք հասկացությունն ուղղակի վերանալու է»,-ասաց ՓՊ նախագահը:
Զոհրաբյանը նշեց, որ իրենց ամենամեծ մտահոգությունը վերաբերում է երեխաներին. «Չափահաս մարդն իրավունք ունի անել այն, ինչ ուզում է: Բայց եթե փոքր տարիքից սովորեցնենք երեխաներին, պատկերացրեք, թե ինչ կլինի: Բոլորս էլ դեռահաս եղել ենք: Պահեր են լինում, երբ դու ինքդ էլ չգիտես, թե ով ես: Ընտանիքիդ անդամների հետ կռվում ես, գերլարված ես և այլն: Պատկերացրեք, որ այդ պահին տղա երեխան մտածի, որ ինքը գեյ է ու գնա փորձի, հետո պարզվի, որ գեյ չէ: Այդ հոգեբանական տրավման կմնա ամբողջ կյանքում: Մենք ասում ենք, որ պետք է հեռու մնալ երեխաներից: Թող դառնան 18 տարեկան ու որոշեն: Չափահաս դառնալուց հետո թող որոշեն: Մյուս հարցը վերաբերում է երեխաների որդեգրմանը: Բնական է, որ միասեռականներ կողմից որդեգրված երեխան կարող է այլ կերպ մտածել»:
ՓՊ նախագահը պայքարում է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ: