Հասարակություն 

Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները վաղը կվերադառնան Երևան. Քաղավացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեն հավաստիացում է ստացել ավիափոխադրող ընկերությունից, որ վաղը Հուրգադա–Երևան չվերթը կիրականացվի, Եգիպտոսի Հուրգադա քաղաքից ՀՀ քաղաքացիները կժամանեն Երևան և ցանկացողները Երևանից կմեկնեն Հուրգադա։ Այս մասին հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը։

Նրա խոսքով՝ սակայն, հետագայի համար Հուրգադա–Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների իրականացման հեռանկարն այնքան էլ հստակ չէ, քանի որ գումարային խնդիրները դեռ լուծված չեն։

Ստեփան Փայասլյանը նաև նշեց, որ նախնական տեղեկություններով՝ երկու պատճառ կա չվերթի հետաձգման համար։ «Մի կողմը պնդում է, որ գումարային խնդիր է, մյուս կողմը պնդում է, որ օդանավի բացակայության հարցն է»:

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։

Նույն շարքից