Ռազմական Հասարակություն 

Ռուսաստանն ու Թուրքիան Վրաստան զորք կմտցնեն, եթե ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն մտադրվեն Վրաստանում ռազմակայան տեղադրել. քաղաքագետ

Վրացի քաղաքագետ ու հրապարակախոս, «Գրուզինֆորմ»-ի գլխավոր խմբագիր Առնո Հիդիրբեգիշվիլին անդրադարձել է հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Վրաստանի միանգամից 3 տարածքներում կայանալիք «Agile Spirit 2019» միջազգային բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Դրանք Վրաստանում արդեն ավանդական բնույթ են կրում: Անց են կացվում 2011 թվականից ի վեր:

Միջազգային զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3 000 զինվոր՝ 14 գործընկեր ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Չերնոգորիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ուկրաինայից ու Վրաստանից:

«Դրանք կլինեն ավելի լայնամասշտաբ զորավարժություններ: Այս տարի, նախորդի հետ համեմատ, կմասնակցի կրկնակի ավելի տեխնիկա: Սակայն, այս տարվա զորավարժություններին չեն մասնակցի Հայաստանն ու Ադրբեջանը, և դա պատահական չէ»,- հայտարարել է Հիդիրբեգիշվիլին՝ առանց մեկնաբանությունների:

Ռուսաստանի հետ ներկայիս լարված պայմաններում զորավարժությունների անցկացումը քաղաքագետն այնքան էլ ցանկալի չի համարել, թեև գտնում է , որ Մոսկվան քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ Վրաստանը չի անցնում «կարմիր գիծը»: Սակայն, եթե, ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանումների՝ Բաթումի ու Փոթիի նավահանգիստներ (հետագայում նաև Անակլիա) մուտքի ​​դիվանագիտական ​​թույլտվությունների պարզեցումից հետո, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն որոշեն ռազմակայաններ տեղադրել այդ տարածքներում, պատկերը կտրուկ կփոխվի:

«Ռուսաստանն ու Թուրքիան առանց հապաղելու զորքեր կտեղակայեն Վրաստանի այդ տարածքներում ու տարածքային ջրերում: Թուրքիան կգրավի Աջարիան և վերահսկողության տակ կառնի Բաթումի նավահանգիստը: Ռուսաստանը մուտք կգործի Սամեգրելո և իր վերահսկողության տակ կառնի Փոթիի նավահանգիստը: Համապատասխանաբար, այդ տարածքային ջրերը կվերահսկվեն թուրքական ու ռուսական ռազմածովային ուժերի կողմից: Բնականաբար, Թուրքիան և Ռուսաստանը կլուծարեն Ղրիմի պայմանագիրը»,- հայտարարել է վերլուծաբանը:

Նյութի աղբյուրը՝ shantnews.am

Նույն շարքից