ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսօր կառավարության նիստին վրդովմունք պատճառեց այն, որ նախարարները կամ փոխնախարարները նախագիծը ներկայացնելուց հետո մի քանի օր են խնդրում նախագծի հետ կապված որոշ հարցեր վերջնական քննարկելու համար:
Այսօր, երբ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օրենքի նախագիծ ներկայացնելուց հետո երեք օր ժամանակ խնդրեց կառավարության աշխատակազմի հետ հարցեր քննարկելու համար, վարչապետն ասաց. «Ամեն հարցին երեք օր ժամանակ եք խնդրում: Նորմալ աշխատեք, պրոցեսը մինչև ինձ բերելը պետք է ավարտեք: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, այլևս բան չպիտի փոխվի, միայն հրատապ հարցերի վերաբերյալ ու տեխնիկական հարցերի ժամանակ կարելի է օր խնդրել: Ինչ հարց քննարկեցինք, երկու-երեք օր խնդրեցիք: Արդեն ավանդույթ եք սարքում»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ իր խոսքը վերաբերում է բոլոր նախարարներին: