ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը»:
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մինչև օրակարգին անցնելը ես կցանկանայի խոսել մեր փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգությունների մասին: Նախ մինչև իմ ձևակերպումներ տալը, կցանկանայի, որպեսզի փոխնախարար պարոն Միրումյանը ներկայացնի, թե ինչ խնդիրներ են իրենք առաջադրում, ինչ մտահոգություններ ունեն: Համեցեք:
Մեր կարծիքով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները անհանգստանալու ոչ մի առիթ չունեն: Դրա վկայությունն են այն կարգավորումները, որոնք հստակ ձևակերպված են օրենքով: Օրենքը, ըստ էության, երկու կարգավորում ուներ: Առաջինը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային բեռի կտրուկ թեթևացումն էր: Առևտրային գործունեության մասով ես հիշեցնեմ, որ շրջանառության հարկի դրույքաչափը հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոսից նվազում է մինչև 1 տոկոս, որն աննախադեպ հարկային բեռի թեթևացում է, փոխարենը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված են փաստաթղթով իրենց ձեռքբերումները հիմնավորելու համապատասխան դրույթներ: Սակայն կցանկանայի նշել, որ այդ դրույթը, որն օրենքով նախատեսված է, ոչ թե ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ վարչարարական գործողություններ իրականացնելու, ամենօրյա հսկողություն, ամենօրյա վարչարարություն իրականացնելու, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ ամենօրյա այցելություններ կազմակերպելու նպատակ, այլ ընդամենը օրենքով սահմանվածը. դա ըստ էության գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն, որովհետև այսօր խոշոր ձեռնարկատիրության այն հիմնավորումը, որ օրենսդրությունը կատարյալ չէ, որովհետև չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները կպահանջեն համապատասխան փաստաթղթեր, առկա չէ: Պարզապես մենք օրենսդրությամբ սահմանում ենք այդ հնարավորությունը, որը թույլ է տալու հարկային մարմիններին վարչարարության սլաքն ուղղել դեպի առավելապես խոշոր ձեռնարկատերերը և նպատակը, իհարկե, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն:
Մտահոգությունն էլ ավելի անհասկանալի է, պարոն վարչապետ, այն առումով, որ այս օրինագիծը, որն ընդունվեց, այն եզակի փաթեթներից է, որը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա եղել է համաձայնեցված փաթեթ և իհարկե, կա հստակ պայմանավորվածություն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որ մեր՝ հարկային մարմինների հետ, նրանք առօրյա աշխատանք են կատարելու, որպեսզի հնարավոր տեսական անհարկի դրսևորումից, միջամտությունից ձեռնպահ պահեն: Իհարկե, ցանկացած անհարկի միջամտության դեպքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այդ ազդակները հաղորդելու են մեզ և որևէ միջամտություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մասով տեղի չի ունենալու: Ընդամենը խոսքը վերաբերում է այն ռիսկային դեպքերին, երբ կլինեն ռիսկային տնտեսվարող սուբյեկտներ, որոնք բազմաթիվ նախազգուշացումներից, գործողություններից հետո չեն պահպանի օրենքի դրույթները: Նրանք, բնականաբար, կհայտնվեն ռիսկային դաշտում և վարչարարական գործողություններն ուղղված կլինեն միայն նրանց դեմ: Անտեղի է մտահոգությունը նաև այն առումով, որ դեռևս օրենքն ուժի մեջ չի մտել, դեռևս հարկային մարմինները որևէ գործողություն չեն իրականացրել: Կարծում ենք, որ այդ տեսանկյունից ևս չկա բավարար հիմնավորում նման մտահոգությունների տեղիք տալու համար: