Հասարակություն Բարի օր 

Վայրիվերումներ ՀԱԲԼԾԿ-ում. Նախկին թունդ ՀՀԿ-ականների և ներկա թունդ իմքայլականների լաբորատոր նկարտումները

Սննդի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կառույցի արդեն նախկին ղեկավար Անուշ Մնացականյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Գործով ընդհանուր անցնում է մոտ 6 մարդ: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Ըստ նրա, Շիրակի մարզային կառույցում այս պահին կրճատումներ չկան, քանի դեռ դատական կարգով նրանց մեղքը չի ապացուցվել, բայց նրանց գործունեությունը կասեցված է. «Հիմա Շիրակի մարզային կենտրոնում կադրային խնդիր ունենք ու Երևանի կենտրոններից աշխատակիցներ ենք գործուղում Գյումրի»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նշենք, որ այժմ ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը Ալեքսան Մկրտչյանն է:

Ինչ վերաբերում է մարզային լաբորատորիային, ըստ Անուշ Հարությունյանի, Շիրակի մարզային լաբորատորիան հագեցած է բոլոր անհրաժեշտ, վերջին սերնդի սարքավորումներով, բրուցելյոզի փորձաքննություններն արվում են տեղում: Այս պահին մասնագետների վերապատրաստման խնդիր կա, որն էլ առաջիկայում կլուծվի՝ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում կանցնեն վերապատրաստում:

Analitik.am-ի հարցին՝ թանկարժեք լաբորատորիայում միայն բրուցելյոզ հիվանդության արյան ստուգումներն են իրականացնո՞ւմ, Անուշ Հարությունյանը պատասխանեց, որ մասնագետների խնդիր կա և այժմ վերապատրաստման փուլում են:

Նշենք, որ Գյումրիի մարզային լաբորատորիայի նախկին ղեկավար Հովիկ Սարգսյանը մայիս ամսին դատի է տվել կառույցին՝ իրեն նույն աշխատանքին վերականգնելու և պարապուրդի ժամանակ իր աշխատավարձը վճարելու համար: Առաջին ատյանը մերժել է հայցը, Հովիկ Սարգսյանը դիմել է վերաքննիչ դատարան:

Հովիկ Սարգսյանին 2018թ-ի նոյեմբերին ազատել էին աշխաատնքից:

Ըստ նրա տեղեկությունների, այժմ Գյումրիի լաբորատորիայում աշխատում է մեկ շիճուկաբան, պահակ և հավաքարար. սննդի երկու մասնագետի ազատել են աշխատանքից:

Իսկ թե ինչու խոշոր հզորություններ ունեցող լաբորատորիայում այլ աշխատակցիներ չկան, Հովիկ Սարգսյանն ասաց, որ ազատել են աշխատանքից և վստահ է՝ պատճառն այն է, որ լաբորատոր սննդի ստուգումները Երևանում անցկացվեն:

«Եթե Գյումրիում իրականացնեին լաբորատոր ստուգումները, կտևեր մեկ օր, իսկ այսպես տևում է մի քանի օր՝ մինչև ներկրվող սննդի նմուշը տանի Երևան, ստուգեն և հետ բերեն»,- ասաց նա, հավելելով, որ փողի հարց է, և ամեն ինչ անում են, որ Երևանում գտնվող լաբորատորիայից փող աշխատեն:

Հովիկ Սարգսյանի փոխանցմամբ, Արման Գևորգյանին խիստ հետաքրքրել էր, թե ինչ միջոցներով է հզորացել Գյումրիի լաբորատորիան, որտեղ հսկայական ներդրումներ են կատարել, և ըստ նրա, այդ փաստը Արման Գևորգյանի սրտով չի եղել, ամեն ինչ անում են, որպեսզի Գյումրիի լաբորատորիան չաշխատի:

Նշենք, որ Արման Գևորգյանը ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն էր և 2016թ-ին իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Ազատվելուց հետո նշել էր, որ ոլորտում աշխատում են ոլորտի հետ կապ չունեցող անձինք, և մտադիր էր օրենքով սահմանված կարգով վերականգնվեր իր աշխատանքին:

Ավելի ուշ, երբ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կարեն Միրզոյանը հրաժարական տվեց և չէր ցանկանում աշխատել Գեորգի Ավետիսյանի հետ, Արման Գևորգյանը կրկին նշանակվեց այդ պաշտոնում և ազատվում էր Կարեն Միրոզյանի կադրերից:

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզային համակարգողները 2018թ-ի նոյեմբերից բողոքում էին, որ ՊՈԱԿ-ում կատարվում են անարդարություն և անօրինականություն, որի արդյունքում 14 մարդու անհիմն ազատել են աշխատանքից:

Ի դեպ, հենց «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Կարեն Միրզոյանի ժամանակ էր, որ նորոգվել էին լաբորատորիաները, մասնավորապես Գյումրիի լաբորատորիան, որը հիմա մեծամասամբ մատնված է պարապուրդի:

«Նախկին թունդ ՀՀԿ-ականները հիմա դարձել են թունդ իմքայլականներ»,- շեշտեց Հովիկ Սարգսյանը՝ ակնարկելով Արման Գևորգյանի նախկին ՀՀԿ-ականներին նվիրված լինելու փաստը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից