ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չեխիա բավական արդյունավետ էր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավարԷդուարդ Շարմազանովը, ով ընդգծեց, թե ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերը բարձրացվել և ընթացք են ստացել. Հայոց ցեղասպանության ճանաչում, արցախյան հարցի հայանպաստ լուծում, այլատյացության դեմ պայքար:
Շարմազանովը նշեց, որ իրենք բոլոր պաշտոնական հանդիպումներին բարձրացրել են օրեր առաջ պայթեցված Սուրբ նահատակաց եկեղեցու հարցը, որից անմիջապես հետո եղել է Չեխիայի հոգևոր առաջնորդի դատապարտումը, նաև այդ բարբարոսությունը խստագույնս դատապարտել են Սենատի գործընկերները:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, Շարմազանովը նշեց, որ Չեխիայում այս հարցը գրեթե տաբու է եղել, մինչդեռ դեսպան Տիգրան Սեյրանյանի և պատվիրակության աշխատանքի արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ Սենատում բազմաթիվ գործընկերներ պատրաստ են հարցը բարձրացնել պատգամավորների պալատում:
«Նրանցից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել հանդես գալ Չեխիայի պառլամենտում և կարծում եմ 2015-ին որևէ կերպ կքննարկվի Հայոց ցեղասպանության խնդիրը»,- ասաց նա: Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 23-24-ը նախատեսված «Ընդդեմ Ցեղասպանության» միջազգային համաժողովին չեխ գործընկերներին հրավիրել են Երևան, ովքեր նշել են, որ համաժողովին մասնակցելուց զատ նաև կայցելեն հուշահամալիր:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ապա բոլոր ատյաններում հայ գործընկների հետ չեխ պաշտոնյաները համաձայնվել են, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղ կարգավորումն է՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:
Ի դեպ, պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք ներկայացրել են նաև շոտլանդական օրինակը: «Մեր գործընկները համաձայնվեցին, որ կրկնակի ստանդարտներն անթույլատրելի են, Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը ցույց տվեց, որ ժողովուրդների իրավունքները այլևս փաստ են, և այդ իրացումն անքննելի է»,- ասաց նա:
Պատվիրակության անդամ Մարգարիտ Եսայանն առանձնացրեց Չեխիայում ՀՀ դեսպանի ջանքերը և արդեն իս նկատելի արդյունքները: Նա նաև հավելեց, թե պատվիրակության ղեկավար Շարմազանովի ջերմ ու մտերմիկ զրույցը Չեխիայի կարդինալի հետ հիմք հանդիսացան տեղում որոշել հայկական եկեղեցու կառուցման տեղը, որը կլինի ոչ թե ինչպես նախատեսվում էր Պրահայի ծայրամասում, այլ կենտրում, որը նաև կից հայկական դպրոց կունենա:
ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ հավելեց, որ կարծում է Չեխիայի Հանրապետությունը անպայման Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կասի իր խոսքը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն է իր հերթին հավելեց, որ սա այն հազվագյուտ դեպքերից է, որ արդյունքը հսկայական է և տեսանելի: «Երկար տարիների ընթացքում սա հազվագյուտ դեպքերից է, երբ մի ամբողջ պառլամենտ վստահ եմ հեղափոխական քայլեր են իրականացնելու թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ տարածաշրջանային հարցերի շուրջ, թե՛ Հայաստանի՝ որպես գործընկերային երկիր, ներդրումային հարցերում: Դեսպանի աշխատանքը համարում եմ էտալոնային, իմ տեսած, շփված լավագույն օրինակն է»,- ասաց նա: