Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բնակչության եւ փորձագետների տեսակետները մի քանի հարցում համընկնում են: Մասնավորապես, «Կառավարման ո՞ր ձեւն է ավելի նախընտրելի»,- հարցին թե՛ սոցոլոգիական հարցմանը մասնակցած քաղաքացիները, թե՛ փորձագետները պատասխանել են, որ խորհրդարանական համակարգին անցումը շատ ավելի ժողովրդավար է, սակայն այս առումով պետք է դրսեւորվի քաղաքական կամք եւ փոխվի քաղաքական մշակույթը:
«Փորձագետներն ու քաղաքացիները վստահ են, որ անցումը խորհրդարանական համակարգին կարեւոր է, սակայն միաժամանակ շեշտում են, որ երկրի զարգացման կարեւոր բաղադրիչը ոչ թե կառավարման համակարգի փոփոխությունն է, այլ քաղաքական մշակույթի պահպանումը: Շատ էական է, թե կուսակցություններն ինչպիսի համագործակցություն ունեն»,- սեպտեմբերի 29-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանիքաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերիբարձրացում» ծրագրի փորձագետ Արա Ղազարյանը:
Ըստ Ղազարյանի, հետազոտության արդյունքներով պարզ է դառնում` քաղաքացիները կարեւորում են այն հանգամանքը, որ պետք է փոխվի քաղաքական կամքը, պետք է հստակ պահպանվի ՀՀ սահմանադրության 3-դ հոդվածը, ընտրությունները չպետք է կեղծվեն, ինչի արդյունքն էլ կլինի արդեն ավելի ժողովրդավար պետության ստեղծումը:
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունն իրականացրել է քանակական եւ որակական հետազոտություն ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Հետազոտության առաջին մասում իրականացվել են 36 հարցազրույցներ, որոնք ընդգրկվել են սահմանադրական փոփոխությունների գործընթացի բոլոր դերակատարներին եւ կողմերին` պաշտոնական, ակադեմիական եւ հանրային: Հետազոտության երկրորդ փուլում իրականացվել է քանակական հարցում 1300 բնակչի շրջանում: Հետազոտությունների արդյունքների հիման վրա ծրագրի մասնագետները մշակել են առաջարկություններ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: