Հայաստան 

ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները հանդիպեցին ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին

Ազգային ժողովի ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունները երկու օրենքի նախագիծ կմշակեն, որոնցով կփորձեն բավարարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններից դժգոհող առևտրականների պահանջները: Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա անցկացնող առևտրականների հետ հանդիպեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահան, Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բողոքող քաղաքացիներին տեղեկացրեց, որ իրենք երկու օրենքի նախագիծ են մշակում, որոնք պետք է բավարարեն իրենց պահանջները: «Մենք երկու օրինագիծ ենք մշակում: Մեկով մենք փորձում ենք այնպես անել, որ առևտրականները հնարավորություն ստանան կամավոր կերպով աշխատելու գործող պայմաններով՝ վճարելով 3.5 տոկոս շրջանառության հարկ: Երկրորդ նախագծով մենք փորձում ենք ավելացնել շրջանառության հարկի 58 միլիոն տարեկան շրջանառության շեմը՝ հասցնելով այն 120 միլիոնի, քանի որ փաստաթղթերով աշխատելու դեպքում քաղաքացիները կարող են գերազանցել 58 միլիոն դրամի շեմը և ընկնել ավելացված արժեքի հարկի տակ»,- ասաց Մելքումյանը:

 

Առևտրականները նշեցին, որ նշված օրինագծերը կլուծեն իրենց խնդիրները, միևնույն ժամանակ նշելով, որ իրենք ժամանակ չունեն: Պատգամավորը խոստացավ, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այդ հարցերը հրատապ քննարկման դրվեն:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ իրենք դիմելու են նաև մյուս քաղաքական ուժերին իրենց նախաձեռնությանը միանալու համար՝ առևտրականներին կոչ անելով չթուլացնել ճնշումը, քանի որ այդ դեպքում իրենք չեն կարողանա անցկացնել իրենց մշակած օրինագծերը:

Նույն շարքից