Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ սահմանապահ համայնքներին արտոնություններ տվող օրենքի նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Օրենքի նախագիծն օրակարգում ներառելու քվեարկությանը դեմ քվեարկեց 3, կողմ՝ 40, ձեռնպահ` 50 պատգամավոր: ՀՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, եւ քանի որ հնարավոր չեղավ ապահովել պատգամավորների կեսից ավելի կողմ ձայն, նախագիծը չներառվեց օրակարգում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունը դեմ չէ սահմանապահ համայնքներին օգնություն և արտոնություններ տրամադրելուն, սակայն այս պահին կառավարությունը քննարկում է համապատասխան օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել խորհրդարանական քաղաքական 6 ուժեր: «Թող տպավորություն չստեղծվի, որ մենք դեմ ենք այս նախագծին, սակայն կառավարությունը համապատասխան օրենքի նախագիծ քննարկում է: Մենք պետք է բոլորս մասնակցենք այդ քննարկումներին, ներկայացնենք առաջարկներ, հասկանանք, թե ինչ խնդիրներ կան և նաև հստակ սահմանենք սահմանապահ համայնք հասկացությունը»,- նշեց Բաղդասարյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել օրենքի նախագիծը քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցին: «Եկեք աջակցենք պատգամավորի նախաձեռնությանը: Ես կարծում եմ, որ պետք չէ մոդա դարձնել պատգամավորների նախաձեռնությունները մերժելը և սպասելը կառավարության քայլերին: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նախագիծ է, և մենք պետք է կողմ քվեարկենք»,- ասաց Բիշարյանը:
Օրենքի նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանն էլ բոլորին կոչ արեց կողմ քվեարկել օրենքի նախագիծը քառօրյա նիստերի լրակարգում ընդգրկելուն: «Ես կարծում եմ, որ սա շատ հրատապ հարց է: Մենք պետք է կողմ քվեարկենք և քննարկենք այս նախագիծը»,- նշեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես ընդգծեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է հստակ սահմանել սահմանապահ համայնք հասկացությունը, ինչից հետո միայն քննարկել, թե ինչ արտոնություններ պետք է տրամադրվեն այդ համայնքներին: