Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի հայրը Իջևանում ցույց անողներին անգիտակից մարդ է անվանել /տեսանյութ/

Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին:

«Իսկ այդ խեղճուկրակ բանվորները դուրս են եկել առանց հասկանալու, թե ինչ են անում: Անտառը կերել են արդեն համարյա թե, հրաշալի բնությունը ոչնչացնում են: Ուզում են այդ գողությունը, անօրինականությունը կառավարությունն օրինականացնի: Մի՞թե դա անելու բան ա: Քոչարյանի, Սերժի ժամանակ թույլ են տվել, մենակ թե ընտրությունների ժամանակ ձայն տան: Սկսել են անխնա, թշնամաբար վերաբերվել մեր բնությանն, անտառին: Դրանից հիմնականում օգտվում են այն մարդիկ, ովքեր պաշտոնական դիրք են ունեցել՝ գերանները նրանց, թափոն էլ ժողովրդի վրա որպես վառելափայտ են վաճառել, կամ Երևան տարել վաճառել: Իսկ շինափայտը վերածում են տախտակի, թանկ գներով վաճառում: Այսօր շատ կարիք ունեցողներ կան այդ շինափայտի:

Ես խիստ դեմ եմ անգամ մի ծառի ճյուղ կտրելուն: Այլ բան է, եթե թույլ տան հավաքել թափոնները: Դա էլ այն դեպքում, երբ կգնան անտառտնտեսություն, այնտեղ կօրինականացնեն, կմուծեն, թուղթը կստանան և խնդրեմ, թող հավաքեն թափոնները: Բայց նրանք թափոնները երբեք չեն հավաքի, քանի որ այն քամին ձորն է լցնում, ձորից այն հանել է պետք: Հսկայական չարչարանք է պետք հանելու համար»,-ասել է վարչապետի հայրը:

Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, Փաշինյանի հայրը նշել է, որ բերման ենթարկել են, երբ ցուցարար կոչեցյալները սկսել են ոստիկաններին քարերով, փայտերով հարվածել:

Դիտարկմանը, որ գիշերը մարդկանց տներից բերման են ենթարկել, Փաշինյանի հայրն ասել է՝ եթե նա հանցագործ է, ինչ նշանակություն ունի՝ գիշերվա ժամը երեքն է, թե՝ ցերեկը. «Պետք է նա անպայման բերման ենթարկվի և կալանավորվի, հետագայում արդեն դատարանը կորոշի նրանց մեղավորության չափը կամ անմեղությունը»:

Նույն շարքից