Հայաստան 

Եռյակը ստորագրահավաք է սկսում՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետ կանչելու

Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը («Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ) այսօր՝ սեպտեմբերին 29-ին ստորագրահավաք է կազմակերպելու Ազգային ժողովում՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հետ կանչելու եւ  դրանում առաջարկվող  փոփոխությունները արտահերթ քննարկման դնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի առջեւ  «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տոնավաճառների առեւտրականներին տեղեկացրին պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը։


Նշենք, որ դրա համար եռյակին անհրաժեշտ է հավաքել առնվազն 44 ստորագրություն։


Նրանք ցուցարարներին տեղեկացրին, որ մտադիր են շրջանառության մեջ դնել այլընտրանքային օրինագիծ, որն առեւտրականին հնարավորություն է տալու ընտրելու՝ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ եւ զերծ մնալ հարկային մարմնին շրջանառության  մասին տեղեկատվություն տրամադրելուց, թե նոր օրենքով աշխատել, վճարել 1 տոկոս հարկ, բայց հարկային մարմնին ներկայացնել տեղեկատվություն։


Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի բողոքի ցույցեր են անցկացրել կառավարության առջեւ՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը:

Նույն շարքից