ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևի հետ:
Ողջույնի խոսքում Էդուարդ Շարմազանովն ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը և նշել, որ երկու երկրների միջև կապերը պետք է առավել զարգանան ու խորանան և այս հարցում կարևորել է խորհրդարանականների դերը: Նա նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական և ռազմավարական կապերը կայուն զարգացման փուլում են: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրից՝ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ դեռևս 90-ականներին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք ընդունելու համար:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացներին: Նա կարևորել է Հայաստանի Հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների փոխգործակցության ամրապնդումն ու հետագա խորացումը:
Միխայիլ Կրոտովը նշել է, որ իրենց այցի նպատակն է քննարկել խորհրդարանական խմբակցությունների մակարդակով համագործակցելու կոնկրետ ձևաչափն ու ուղիները: Պարոն Կրոտովը նշել է, որ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կդառնա միության լիիրավ անդամ:
Օլեգ Լեբեդևը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը և կարևորել Հայաստանի Հանրապետական ու «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս: