Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվել էր Վարդավառի տոնի առթիվ միջոցառում:
Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաեւ Վարդավառ:
Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նշելով, որ Վարդավառը տոնվում է Հայաստանի շրջաններում, Արցախում եւ Սփյուռքի հայկական գաղթօջախներում, տեղեկացրել է, որ այս անգամ տոնին համադրվել է հայկական մշակույթի մեկ այլ բաղադրիչ՝ գորգը:
Պատգամավորի խոսքով՝ միջոցառման նպատակներից է հանրայնացնել հայկական գորգը, որը մեր կենդանի մշակույթն է: Հայերը գորգագործությամբ զբաղվել են դարեր առաջ, եւ այն շարունակում է մնալ որպես կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ:
Ըստ պատգամավորի՝ միջոցառումն ունի նաեւ խորհուրդ, այն է՝ օրակարգային դարձնել Հայաստանում հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ, տարբեր բաժիններ ներառող թանգարան ունենալու հարցը:
«Մենք ունենք հարուստ մշակույթ, ցավոք աշխարհին բավականաչափ չենք ծանոթացրել մեր մշակույթի հետ եւ անհրաժեշտ չափով չենք հանրայնացրել այն, որը շատ կարեւոր է»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:
Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը:
Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած ձեռագործ գորգեր: Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, մրցանակներ են հանձնվել «Քվեսթ» խաղի հաղթողներին:
Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով:







