Հայաստան 

Քառյակն արտահերթ նիստ կնախաձեռնի

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը սեպտեմբերի 30-ին ժամը 18:30-ին նախատեսում է արտահերթ նիստ անցկացնել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Օրակարգում կլինեն երկու օրենքի նախագծերը, որոնք քառյակը մշակել է շրջանառության հարկի մասին օրենքում նոր փոփոխություններից դժգոհող առևտրականների պահանջները բավարարելու համար: Նախատեսվում է սահմանել, որ բոլոր ցանկացողները կամավոր կերպով հնարավորություն կունենան աշխատել շրջանառության հարկի գործող համակարգով: Մեկ այլ նախագծով մենք նախատեսում ենք բարձրացնել շրջանառության հարկի տարեկան 58 միլիոն դրամ շրջանառությունը՝ այն հասցնելով 120 միլիոնի, քանի որ արդեն վավերացված օրենքի պայմաններով՝ փաստաթղթավորմամբ աշխատելու դեպքում, փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են գերազանցել տարեկան 58 միլիոն դրամի շեմը և ընկնել ավելացված արժեքի հարկի տակ, ինչն, իհարկե, ցանկալի չէ»,- ասաց Մինասյանը:


Նա ընդգծեց, որ օրենքի նախագծերը մշակվել են քառյակի անդամ քաղաքական ուժերի կողմից, և իրենք միասին պատրաստվում են արտահերթ նիստ նախաձեռնել: Եթե չհաջողվի արտահերթի ընթացքում որևէ հաջողություն գրանցել, ապա ՀՅԴ-ն առաջիկայում կարող է հանդես գալ նոր նախաձեռնությամբ:


Ազգային ժողովի դիմաց այս պահին մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են հետ կանչել շրջանառության հարկի մասին արդեն իսկ վավերացված նոր օրենքը կամ նոր նախաձեռնություններով լուծել իրենց խնմդիրները:

Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը։ Օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:


Փոքր ու միջին ձեռնարկությունները այսուհետեւ պարտավոր են փաստաթղթեր ներկայացնելառանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացում է ստանալու, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Նույն շարքից