Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, պատկան մարմինները բազմաթիվ ահազանգերից հետո չեն արձագանքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շատին գյուղի բնակիչ, աստվածաբան Մարատ Զաքարյանը:
«Շատիվանքի պարիսպը, որը շատ բարձր էր եւ լավ վիճակում փլվել է գարնանը, նկատեցի եւ դիմեցի հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ին, ասացին, որ տեղյակ են, հուշարձանը ներառված է պահպանվողների շարքում եւ ուրիշ ոչինչ: Պատկերացնում եք, որ վանքը 10-րդ դարի կառույց է, մինչեւ մեր օրերը պահպանվել է, իսկ հիմա վանդալները ջարդել են, մտածելով գանձ կգտնեն: Վանդալիզմ է ամենուրեք: Այնպիսի տպավորություն է, որ Արևմտյան Հայաստանում կամ Ադրբեջանում ենք գտնվում, իսկ թուրքական կառավարությունը ընդհանրապես չի ուզում լսել և աչք է փակում այս ամենի վրա»,-ասաց Զաքարյանը:

Մարատ Զաքարյանը նշեց, որ քանդել են նաեւ Հակոբ Ջուղայեցու գերեզմանաքարը, կոտրել են նաեւ Մահտեսի Պետրոսի գերեզմանաքարի խաչքարը:

«Դիմել եմ մարզում հուշարձանների պահպանության բաժին, որը ղեկավարում է Մելանյա Դովլաթյանը, ով 1989 թվականից մինչեւ այժմ աշխատում է, բայց ոչինչ չի անում, չի աշխատում եւ նույնիսկ Երեւանից են նրանից բողոքում: Հազար անգամ դիմել եմ, իրենց, բայց անտերություն է»,- բողոքեց Շատինի բնակիչը:
Մարատ Զաքարյանի խոսքով` պատկան մարմինները կարելի է ասել «ֆուտբոլ են խաղում, մեկը մյուսին պաս են տալիս», մեկը մյուսի վրա են գցում հարցի կարգավորումը:

«Ես կառաջարկեի Վանեցյանին ֆուտբոլի հավաքականը ցրեր, մեր Կառավարությունում շատ լավ ֆուտբոլ են խաղում, միմյանց այնքան լավ են պաս տալիս, որ արդեն զզվում ես, այլեւս չես ցանկանում որեւէ մեկին դիմել»,-ասաց նա:
Մարատ Զաքարյանը առաջարկեց մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել և տեղում գնահատական տալ ստեղծված իրավիճակին: