Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի բնակիչ Էնթոնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր լեռան՝ Կիլիմանջարոյի գագաթը, որտեղ ծածանել է Հայաստանի դրոշը:
tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Asbarez գործակալությունը, 27-ամյա ամերկացին, որը հայկական արմատներ ունի, Աֆրիկա է ժամանել հուլիսի 9-ին, որից երկու օր անց սկսել է լեռնամագլցումը, որն էլ տևել է 8 օր:
«Հայոց դրոշը բարձրացնելով Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել ընտանիքիս, ուսուցիչներիս, հայ համայնքին, որում ես մեծացել եմ` հայ երիտասարդությանը կրթելու բոլոր ջանքերի համար: Ես նաև հույս ունեի, որ դա ինքնատիպ խթան կլինի հայ երիտասարդների համար, որոնք իրենք իրենց մարտահրավեր կնետեն», - ասել է լեռնագնացը` գործակալությանը տված հարցազրույցում:
Իրվինի կալիֆոռնիական համալսարանում սովորող երիտասարդը նշել է նաև, որ իր երազանքն է հաջորդիվ բարձրանալ բոլոր հայերի համար սուրբ լեռան՝ Արարատի գագաթը: