Արդեն մեկ տարի է քաղաքական հետապնդում է իրականացվում նախագահ Քոչարյանի նկատմամբ: Այն իրականացվում է իշխանության և ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քրեական հետապնդման քողի տակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ այդ քողն ավելի ու ավելի է մաշվում:
Սողոմոնյանը նշեց, որ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում վենդետա, որը որևէ իրավական հիմնավորում չունի. «Քրեական գործը, որը սարքվել է Քոչարյանի դեմ, ապօրինի է, կալանքը ևս ապօրինի է: Տեղի ունեցողը կապ չունի Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ: Սա մենք ասել ենք դեռ մեկ տարի առաջ»:
Քոչարյանի գրասենյակի ղեկավարի խոսքերով, իրենք մեկ տարի առաջ չէին պատկերացնում, որ ապօրինություններն այս աստիճանի կհասնի. «Մենք դեռ մեկ տարի առաջ ենք ասել, որ Քոչարյանի ապօրինի գործը վնասելու է պետության վարկին: Այսօր դա ապացուցվում է: Այսօր չեն բացահայտում Մարտի 1-ը, ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները, բացահայտվե՞լ է գոնե մեկ դեպք: Սա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ»: