Հասարակություն 

2008 թվականին Զինված ուժերն օրինական կերպով են օգտագործվել. Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, դրանում առկա անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել: Մեղադրանքի անհստակությունն անտեսվել է դատարանների կողմից, երբ քննվել է խափանման միջոցի հարցը, չնայած դրա գրավոր ու բանավոր պահանջը եղել է Քոչարյանի ու փաստաբանների կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Մենք հարցնում ենք՝ Ռոբերտ Քոչարյանի կոնկրետ ո՞ր գործողությունների համալիրի միջոցով է տապալվել սահմանադրական կարգը և ո՞ր հոդվածներն են դա սահմանում: Ոչ մի պարզաբանում չկա, ուղղակի ասում են, որ սահմանադրական կարգը տապալվել է: Ասում են, որ եղել է Զինված ուժերի ապօրինի օգտագործում: Զինված ուժերի օգտագործումը բացարձակ օրինական է, ինչը մեկ անգամ չէ որ ապացուցվել է: Այլ հարց է, որ մեղադրական կողմը շարունակում է համառել: Բայց թե նույնիսկ ենթադրենք, որ ԶՈւ-ն օգտագործվել է անօրինական կերպով, որևէ օրենք չի մատնաշվում, որ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում: Զինված ուժերը չեն բախվել ցուցարարների հետ: Տանկեր, որոնց թրթուրների տակ ինչ-որ ընդդիմադիր երևույթներ են ճզմվել, չի եղել: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է»,-ասաց Սողոմոնյանը:

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը խոսեց նաև իր ղեկավարի ունեցվածքի վրա կալանք դնելու մասին՝ հայտարարելով, որ դա նավսյակի են արել, և Քոչարյանի խափանման միջոցի մասին՝ հիշեցնելով, որ Ամանորից առաջ դատարանը որոշեց տոների ժամանակ նիստեր չհրավիրել, չնայած խափանման միջոցի հարցի քննման տոնական օրեր և այլն չկա:

Սողոմոնյանը խոսեց նաև Քոչարյանի խափանման միջոցի մասով վերջին որոշման մասին՝ հիշեցնելով, որ դատարանն առհասարակ չլսեց պաշտպանվող կողմին. «Եվրախորհրդի տարածքում նման բան չի եղել, որ մարդը ներկա լինի նիստին և իրեն խոսելու հնարավորություն չտան»:

Նույն շարքից