Հայաստան 

Ջհանգիրյանը վստահ է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագծին ԱԺ մեծամասնությունը դեմ է քվեարկելու

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը վստահ է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին ԱԺ մեծամասնությունը դեմ է քվեարկելու, որովհետև հակառակ դեպքում կարձանագրվի, որ 2008-ին մարտի 1-ին այն ժամանակվա Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է, որովհետև օգտագործել է զինված ուժեր:

«Քննարկումից որևէ ակնկալիք, բնականաբար, չկա: Եթե հարցը չի արժանանում մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ապա ԱԺ-ում ընդունված ավանդույթի համաձայն չի անցնում փոքր օրակարգ, հետևաբար չի քննարկվում, ուստի մեր խմբակցությունն օգտագործել է հրատապ նախագիծ ճանաչելու ընթացակարգը, որպեսզի հնարավոր լիներ հնչեցնել մեր արգումենտները լիագումար նիստում, թեև ժամանակային այսպիսի սուղ պայմաններում: Այնպես որ, վստահ եմ, որ դեմ են քվեարկելու»,- այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա պնդեց, որ եթե ընդունվի այս նախագիծը, ապա միանգամից կարձանագրվի, որ 2008-ի մարտի 1–ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է, որովհետև օգտագործել է զինված ուժեր: «Բայց քանի որ այս իշխանությունը, ըստ էության, նախկին իշխանության ժառանգորդն է, ապա չի կարող այդպիսի հարված հասցնել, թեկուզ շատ հարցերում իրենց իսկ կողմից քննադատված, նախկին իշխանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ընդունման դեպքում օրենքը հետադարձ ուժ կունենա՞, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ո՛չ, չի ունենա: Բայց օրենքի այս փոփոխության ընդունումը կազդարարի, որ 2008 թվականի մարտի 1–ի հրամանագիրը հակասահմանադրական է ֆորմալ առումով»,-ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ է հենց հիմա որոշել նորից ներկայացնել նախագիծը, պատգամավորը պատասխանեց, թե մի օր պետք է նախաձեռնեին հարցի քննարկումը լիագումար նիստում:

«Չեմ կարծում, որ երկրում այնպիսի իրավիճակ է, որ ես էլ հատուկ բերել եմ համապատասխանեցրել եմ քաղաքական իրադարձություններին: Եթե այդպես լիներ առաջին հանրահավաքի, երկրորդ հանրահավաքի կամ երրորդ հանրահավաքի ժամանակ կհնչեցնեինք: Այնպես որ, ես անձամբ մտադրություն չունեմ: Թե ինչ են պնդում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, դա իրենց գործն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեծամասնության հորդորներին՝ դիմելու Սահմանադրական դատարան, ապա Գագիկ Ջհանգիրյանը նշեց, թե դրա տեղը իրենք լավ գիտեն:

«Դուք ինձ երաշխիք կարող եք տալ, որ Սահմանադրական դատարանն օբյեկտիվ վճիռ է արձակվելու: Ես չեմ ուզում այս խնդիրը տանել և ՍԴ-ում փակել, որովհետև, եթե մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, ապա վեճը փակվում է: Բայց քանի որ մենք գիտենք՝ ՍԴ-ն քաղաքական ճնշման տակ է գտնվում և գտնվելու է նաև այս հայցի դեպքում, ուստի չեմ ուզում ՍԴ-ում այս հարցը փակել։ Մենք առայժմ օգտագործում ենք մեր օրենսդրական իրավունքը և ասում, որ այս դրույթները հակասահմանադրական է»,-ասաց նա։

Գագիկ Ջհանգիրյանը նաև նշեց, որ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն բանակը բացառապես օգտագործվում է երեք դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության վրա անմիջական հարձակման կամ այլ երկրների զինված ուժերի կողմից անմիջական վտանգի, այսինքն՝ երբ տեսնում ենք, որ սահմանին զորքեր են կուտակվել կամ պատերազմ հայտարարելու դեպքում:

Նույն շարքից