Այս գործ ունի ճիշտ այնքան կյանք որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները և որքան նրանք կարողանում են բռնի ուժով առաջ տանել այս գործը՝ ապօրինություններ սանձազերծել, ճնշել դատավորներին, քրեական գործեր հարուցել իրենց չլսող դատավորների նկատմամաբ, հարձակվել ՍԴ-ի վրա, դատարաններ շրջափակել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ում խոսքերով աշխարհում առաջին դեպքն է գրանցվել Հայաստանում, երբ իրավապահները պարզապես կանգնած նայում են, թե ինչպես են վարչապետի կողմից ուղարկված ցուցարարներն արգելում դատավորին մտնել դատարանի շենք:
Սողոմոնյանը հիշեցրեց 90-ականներին Դաշնակցության խոսքը՝ նշելով, որ Վահան Հովհաննիսյանը կալանավորվել է 1995 թվականի հենց հուլիսի 28-ին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրը․ «Սա շատ տխուր սիմվոլիկա է»:
Վերադառնալով Քոչարյանի գործին Սողոմոնյանն ասաց, որ դրա հիմքում դրված էր կեղծիք. «Այս գործի հիմքում դրված էր տերպետրոսյանական հայտնի հայեցակարգն այն մասին, թե ինչպես չար ուժերը տանկերը հանեցին իր դեմ, իսկ ինքը հաղթել էր ու իրեն չթողեցին դառնալ նախագահ»: