Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքական դաշտի նշանանավոր ներկայացուցիչների հետ. Սողոմոնյան

Բազմաթիվ հանդիպումներ եղել են: Քանի որ դրանք հրապարակային չեն եղել, չեմ ուզում պատմել դրանց մասին: Կարող եմ ասել, որ հանդիպումներ եղել են քաղաքական դաշտի նշանանավոր ներկայացուցիչների հետ, սակայն դրանց թվում չեն եղել խորհրդարանական ուժեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք երկրորդ նախագահը մինչ վերջին անգամ կալանավորվելը հանդիպումներ ունեցել է քաղաքական ուժերի հետ:

Խոսելով Հայաստանում տիրող իրավիճակ մասին՝ Սողոմոնյանն ասաց, որ այսօր իշխանությունը պատկանում է բացարձակապես մեկ մարդու, ով հավասարակշռված որոշումներ կայացնելուց շատ հեռու է. «Այդ մարդն առաջնորդվում է իր ներքին հասկացությունններով, որոնք հաճախ շատ պրիմիտիվ են: Նրա մոտիվացիաները հիմնավորված չեն, նրա պատկերացումներով ոչ իրավական կամ խեղված փաստեր են: Նա որևէ կոնսոլիդացիոն ֆորմատի մեջ չի տեղավորվում, նրա համար բոլորը թշնամիներ են»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի վերջին հարցազրույցում նշած կոնսենսուս մինուս մեկ բանաձևին, Սողոմոնյանն ասաց, որ այն ձևավորվել է բնական ճանապարհով. «Կա մի մարդ, ով սեփականաշնորհել է պետությունը՝ ասելով, որ դա ժողովուրդն է արել: Սա դասական պոպուլիզմի դրսևորում է: Դրա դեղամիջոցը սովորաբար լինում է կոնսենուս մինուս մեկն է. Բոլոր առողջ ուժերը միավորվում են մեկի դեմ, ով իր նեղ անձնական պատկերացումներով փորձում է այս բարդագույն իրավիճակում միանձնյա կառավարել երկիրը»:

Նույն շարքից