Հայաստան 

Սուրիկ Խաչատրյանը սպանության ժամանակ քնած չի եղել, այլև իր առանձնատան վերևի հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին. Փաշինյան

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը:

«Սեպտեմբերի 25-ի նիստում կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ: Նա պաշտոնից ազատվել էր նախորդ տարվա հունիսի երկուսին իր տան մոտ տեղի ունեցած արյունալին իրադարձություններից հետո, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանն այսուհանդերձ քրեական պատասխանատվության չենթարկվեց, որովհետև նախաքննության մարմինը՝ այն ժամանակ զինդատախազ, ներկայումս Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ, քննության հիմքում դրեց այն վարկածը, թե արյունոտ իրադարձությունների ժամանակ Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել»,-ասաց նա և ընդգծեց, թե գործն ընթացավ հենց այս տրամաբանությամբ:

«Բայց երբ նախաքննություն ավարտվեց և նյութերը հասանելի դարձան հանրությանը, ակնհայտ դարձավ, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն, պարտակել է ոչ միայն Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը, այլև սպանությունը կատարողին: Դեպքի տեսագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Սուրիկ Խաչատրյանը սպանության ժամանակ  քնած չի եղել, այլև իր առանձնատան վերևի հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին և երբ վերջինս կանչին արձագանքելով ետ է գնացել, սառնասրտորեն կրակել, սպանել է նրան»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի ժողովուրդը պատանդ է վարչախմբի ձեռքում. «Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ խմբի բեմադրած տեսարանները չեն փոխել, չեն փոխում և չեն փոխելու մեր սերը Սյունիքի հերոս ժողովրդի հանդեպ: Որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր և որպես նախկին քաղբանտարկյալ սույն հայտարարությամբ ցանկանում եմ զորակցություն հայտնել և գոտեպնդման խոսքեր հղել Սյունիքի ազատասեր, բայց գերևարված ժողովրդին: Չհուսալքվեք և չհուսահատվեք, մենք միասին Հայաստանն ազատագրելու ենք լիսկայական բանդաներից և մեր երեխաները ապրելու են ազատ և անկախ Հայաստանում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից