Հայաստան 

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի հետ

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի և Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

 

Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ համագործակցությունը և երկկողմ ձևաչափով, և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում: Նա շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը և ընդգծել, որ Լատվիան այդ հարցում կարող է արդյունավետ կամուրջ լինել:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության թանգարանի նմուշների ցուցադրության կազմակերպումը Լատվիայում, ինչը հնարավորություն կտա լատվիացի հանրությանը ավելի լավ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը:

Հյուրերը նշել են, որ չնայած Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, այնուամենայնիվ իրենց նպատակն է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրեր գտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լատվիայում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

Նույն շարքից