«Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանիհայտարարությունից հետո, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, թե ինքն ավելի շատ մասնագիտական կարծիքներ է ուզում լսել:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ մինչեւ ոչ իշխանական ուժերի կողմից արտահերթ նիստ հրավիրելը եւ ստորագրահավաք անցկացնելը, խոսել են այդ թեմայի շուրջ. «Պայմանավորվել ենք, որ եթե լինի արտահերթ նիստի անհրաժեշտություն, կհրավիրենք կառավարությանը, սակայն առանց մեր համաձայնությունը ստանալու, նրանք ստորագրահավաք արին, դրա համար էլ մենք բոյկոտեցինք նիստը: Ոչ իշխանական ուժերից ոչ բոլորն իհարկե, բայց եղան մարդիկ, որ խուսափեցին մեզնից ու որ ցանկանում էին իրարանցում լինի, ու այսպես վարվեցին»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ բոլոր պատգամավորներն անկախ ամեն ինչից պարտավոր են մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, այդ մասին անգամ կա ՍԴ դիտողությունը՝ ուղղված ՀՀԿ-ին:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նկատեց, որ հիմա պետք չէ կանգնել ու մեղադրանքներ հնչեցնել. «Իհարկե, շնորհակալ ենք, պարոն ԱԺ նախագահ, որ ժամը 13:30 խորհրդակցություն եք հրավիրելու, սակայն ավելի շատ իմ սրտով էր Սեյրան Սարոյանի ասածները»:
Այդ պահին ԱԺ դահլիճում իրարանցում սկսվեց: «Փաստորեն ստիպված եմ կրքերը հանգստացնելու:Միտինգի մի վերածեք»,- նկատեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ զարմանում է այս օրենքի հետ կապված քննարկումների վրա. «Հասարակությանը դրդում ենք ցածր հարկից բարձր հարկի անցնել, ինչ է ապրանքները չփաստաթղթավորեն: Դուք հրահրում եք ոչ թափանցիկ, առանց փաստաթղթերի աշխատանքի: Եկեք չօրինականացնենք ստվերը, ժամանակ շահելու առումով դադարեցնենք այս օրենքի կիրառումը՝ մինչեւ չհստակեցվի փաստաթղթերի հանգամանքը: Եկեք ընդունեք, որ մինչեւ հիմա աբսուրդի մեջ ենք աշխատում այս օրենքի պատճառով»:
Իսկ երբ սարքավորումները չաշխատեցին, Գալուստ Սահակյանը, ակնարկելով ոչ իշխանական ուժերին, հայտարարեց. «Ձեր խոսքից սարքավորումներն էլ լռեցին»: Քիչ անց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ԱԺ բնականոն աշխատանքը կսկսվի քսան րոպեից, քանի որ ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում խնդրեց՝ մինչեւ տեխնիկական անսարքությունը վերանա:
Այս պահին դահլիճում 5-6 պատգամավոր են նստած ու համբերատար սպասում են նիստի աշխատանքների վերականգնմանը: Նրանց թվում են ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը: