Սանիտեքն իր ունեցած ռեսուրսներով ի վիճակի չէ ամբողջ ծավալը սպասարկել, նրանք ակնկալիք ունեին քաղաքապետարանից աջակցության տեսքով, որը քաղաքապետարանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի տրամադրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ում խոսքերով, Երևանում աղբահանությունը հիմա ինքնահոսի մեջ է:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից աղբամաններ գնելուն, Խաժակյանի խոսքերով, դա ժամանակավրեպ է, պետք է իրականացվեր հունվար-փետրվար ամիսներին: Պետք էր ձեռք բերել և աղբաման, և աղբատար, բայց դա անել ժամանակին. «Ես նաև ուշադրություն եմ հրավիրում քաղաքի կանաչապատ տարածքի վրա: Երևանում հեկտարներով կանաչապատ տարածքները մնացել են չմշակված, անխնամ, գրեթե ամբողջությամբ այրվել են: Մենք դեռ անցած տարի էինք ասում, որ չի կարելի մոտ կես միլիարդով կրճատել կանաչապատման բյուջեն, մենք խոսում էինք հենց այս վտանգի մասին»:
Խաժակյանի խոսքերով, այսօր Երևանի քաղաքապետարանն ու Սանիտեքը, կարծես թե, խռոված են իրարից, միասին չեն աշխատում, դրա համար կարող է ստացվել այնպես, որ օրինակ դատարակ աղբամանին մոտենա նախ քաղաքապետարանի ավտոմեքենան, ապա նաև Սանիտեքի աղբատարը:
Խոսելով Թբիլիսիում կայանալիք Սանիտեքի ասուլիսի մասին՝ ավագանու անդամը հորդորեց ընկերությանը հրաժարվել այդ մտքից, քանի որ դա կարող է վնասել երկրի վարկին: Նա նաև լրագրողներին հորդորեց կանխել դա՝ նշելով, որ հակառակ դեպքում ԶԼՄ-ները հաջորդ անգամ ստիպված կլինեն մեկ այլ երկրում լուսաբանել մեկ այլ ընկերության ասուլիսը: