Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարող՝ մայրաքաղաքի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականներից միայն 3-ին, որպեսզի նրանց միջոցով պատասխան ուղարկի կառավարության շենքի մոտ հավաքվածներին:
Հավաքվածները նիստից հետո շենքից դուրս եկող նախարարներին դիմավորում են «ամոթ, ամոթ» վանկարկումներով եւ բացականչում են՝ կասեցնել օրենքը: Առեւտրականներն իրենց հետ բերել են նաեւ «Վաղարշ, չվախենաս, լիսկաներին չեն դատում» եւ «Կերեք փոքր բիզնեսը» գրությամբ պաստառներ:
Այս պահին հավաքված քաղաքացիները սպասում են վարչապետի պատասխանին:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան առեւտրականները նորից հավաքվել են կառավարության շենքի առջեւ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։