Քիչ առաջ դատարանը հրապարակեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Գրիգորյանը կմնա կալանքի տակ:
Ավելի վաղ Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ պահանջը հիմնավորելով Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրներով: Փաստաբանների խոսքերով, Նաիրի ԲԿ-ում գտնվող Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատթարանում, նա ունի 30-ից ավել հիվանդություն, այդ թվում՝ քաղցկեղ և շաքարային դիաբետ: Կա նաև ոտքի անդամահատման վտանգ:
Դատախազությունը դեմ է խափանման միջոցը փոխելուն: Մեղադրող կողմի խոսքերով, Գրիգորյանը, անկախ խափանման միջոցից, շարունակելու է գտնվել Նաիրի ԲԿ-ում, ուստի անհրաժեշտություն չկա առողջական խնդիրներով պայմանավորված ազատ արձակել նախկին պատգամավորին: