«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ
Առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության տեսանկյունից շատ կարևոր է առողջության ապահովագրության համակարգի զարգացումը։ Թեև առողջության ապահովագրության համակարգը Հայաստանում պատշաճ գործում է, սակայն դրանից օգտվողների թիվը բավականին սահմանափակ է։ Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է ակտիվացնել կամավոր ապահովագրության համակարգը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել քաղաքացիների կողմից ստացվող բժշկական ծառայությունների ծավալը, ինչպես նաև բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ բոլորի համար ու կստեղծի հավելյալ մրցակցային դաշտ, այդ թվում՝ ապահովագրական շուկայում։ Միևնույն ժամանակ, առողջապահության ոլորտում դեռևս առկա է ստվերային հատված, ինչը առողջության ապահովագրության պարագայում ամբողջությամբ վերանում է։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով առաջարկվում է ՆԵՐԴՆԵԼ ԿԱՄԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՈՎ։
Մասնավորապես, նախագծի ընդունման պարագայում վարձու աշխատողները հնարավորություն կունենան առողջության ապահովագրության ծառայություններից օգտվելու դեպքում պետական բյուջեից 12-ամսյա պարբերականությամբ հետ ստանալ վճարված ապահովագրավճարից մինչև 50 000 դրամ գումար։
Բոլոր վարձու աշխատողների կողմից նշված արտոնության օգտագործման պարագայում պետական բյուջեի ծախսը կկազմի մոտ 15 մլրդ դրամ՝ հաշվի առնելով փոխհատուցումներից բժշկական հաստատությունների կողմից վճարվող և ապահովագրական ընկերությունների կողմից վճարվող լրացուցիչ հարկերը։ Ընդ որում, առաջարկով նախատեսվում է պետական բյուջեից գումարների վերադարձ 12-ամսյա պարբերականությամբ և խրախուսման համակարգի 2020 թվականից ներդրման պարագայում բյուջետային ծախսերը կկատարվեն 2021 թվականից։
Պետական բյուջեի ընդամենը 1% լրացուցիչ այս ծախսը պետք է դիտարկել որպես առողջապահության ոլորտում լավագույն ներդրում, ինչն առաջին հերթին պետք է հանդիսանա հասարակության առողջության հասցեական ծրագիր՝ ուղղված աշխատանքի խրախուսմանը՝ աշխատող մարդու առողջապահական ծախսերը պետության կողմից փոխհատուցելու հանձառությամբ։
Սա նաև քաղաքացիների համար կհանդիսանա որպես վարձու աշխատող գրանցվելու մոտիվացիոն գործիք, որն էլ իր հերթին կապահովվի բյուջետային լրացուցիչ մուտքեր։
Այս ծրագիրը կունենա նաև մուլտիպլիկատիվ ազդեցություն վարձու աշխատողի առողջության պահպանման և/կամ վերականգնման արդյունքում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Սա կարող է հանդիսանալ առողջապահության ոլորտի առաջանցիկ տեմպերով գին/որակ/մատչելիություն զարգացման գրավական»։