Հայաստան 

Գարի Կասպարով. Պուտինն աշխարհի ամենավտանգավոր մարդն է

analitik.am

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհի ամենավտանգավոր մարդն է և ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք է, քան ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման զինյալները: Այս մասինԿասպարովն ասել է Yahoo News-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Կասպարովը կտրուկ քննադատության է ենթարկել ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչներին: Նախկին չեմպիոնի կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը չափազանց ուշ է արձագանքել Ուկրաինայում Պուտինի ագրեսիային, ինչը վերջնական արդյունքում հանգեցրել է Ղրիմի բռնակցման:

Գրոսմայստերը եվրոպացիների անտարբերությունը ռուս նախագահի գործողությունների հանդեպ համեմատել է ինքնահանգստացման հետ, որը տիրել է աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին: Նա երեսպաշտություն է անվանել այն, որ Վաշինգտոնն ու նրա արևմտյան դաշնակիցները պայմանավորվել են սիրիացի ապստամբներին ուղղված մատակարարումների շուրջ, սակայն մերժել Ուկրաինայի համանման խնդրանքը:

Ընդդիմադիրն աջակցել է պատժամիջոցների ռեժիմին, որը սահմանվել է Ռուսաստանի դեմ՝ նշելով, որ որոշակի պահի դրանք վնաս կհասցնեն ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլև անձամբ Պուտինին ու նրա մոտ շրջապատին: Դրա համար անհրաժեշտ է պատժամիջոցները պահպանել առնվազն մինչև 2015 թվականի մարտ:

Կասպարովը մտավախություն ունի, որ Պուտինը կարող է ցուրտ ձմեռվա ու Եվրոպային գազի մատակարարումների դադարեցման սպառնալիքն օգտագործել որպես պատժամիջոցների մեղմացման լծակ: «Նա պոկեր է խաղում, երբ մնացած բոլորը շախմատ են խաղում»,- ասել է Կասպարովը:

Նախկին չեմպիոնը նաև արտահայտվել է 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այլ երկիր տեղափոխելու օգտին: Կասպարովի խոսքով՝ ինքը Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի սպասում, քանի դեռ Պուտինը նստած է Կրեմլում և պատրաստվում է գալիք ցուրտ ձմռանը:

Նույն շարքից