Հայաստան 

Ես չեմ վերցնի ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն. Աղվան Վարդանյան

analitik.am

Ես չեմ վերցնի ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ հանրահավաք կանենք, ժողովուրդը կգա ու կորոշի` ինչ պիտի անենք, սա պարզ մանիպուլյացիա է, սա պատասխանատու քաղաքական գործչի անելիք չէ: ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ եռյակի մարզային հանդիպումների ժամանակ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, արդյոք համամի՞տ է այդ տեսակետին: Նա նաև հավելեց, որ միշտ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը, քաղաքական մարդիկ, տվյալ երկրի էլիտան. թաքնվել ժողովրդի հետևում, ճիշտ չէ: Ժողովրդին ասում են` որն է ճիշտը ու գնում են դրա հետևից:

Եռյակի հանրահավաքին արդյոք ներկայացվելո՞ւ է ՀՅԴ տեսակետը, և ո՞վ է այն ներկայացնելու ՀՅԴ-ի փոխարեն, եթե հոկտեմբերի 10-ին կամ դրանից հետո հանկարծ իշխանափոխություն լինի: Այս հարցին պատգամավորը պատասխանեց. «Որևէ տեղում որևէ մեկը Դաշնակցությանը չի ներկայացում, ներկայացվելու է այնտեղ, որտեղ Դաշնակցությունը քննարկել և մասնակցություն է ունեցել: Իհարկե, ձեր ասածը ուտոպիայի ժանրից է, բայց ՀՅԴ-ն ներկայացնում է ինքն իրեն»:

Աղվան Վարդանյանը քառյակի ստեղծման ժամանկահատվածից ի վեր ասում էր, որ հրաշալի քառյակ չպետք է ասել, արդյոք գուշակո՞ւմ էր, որ պառակտվելու են: Այս հարցին ի պատասխան՝ Ա.Վարդանյանն ասաց. «Երբ առաջին նախագահի թեթև ձեռքով ու մտքով շրջանառության մեջ մտավ «հրաշալի քառյակ» տերմինը, ես ասում էի` մոռացեք, քառյակը հրաշալի չի լինում. չորս ուժեր են, որ անում են իրենց գործը, որոշ հարցերի շուրջ համագործակցում են»:

Նույն շարքից