Հասարակություն 

Արևմուտքը թիրախավորել է հայկական ընտանիքն ու եկեղեցին․ Այվազյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին, ասաց, որ այն ուղղված է այլ սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց լայն իրավունքներ տալուն։ Այն պարտադրում է, որպեսզի այն վավերացված պետություններն իրենց ներքին օրենսդրության մեջ բացառեն խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։ Ստամբուլյան կոնվենցիան պարտավորեցնում է նաև, որպեսզի կրթական ծրագրերում տեղի ունենան փոփոխություններ և օրինակ դպրոցական դասագրքերում մտցվեն գենդերային կարծրատիպերից դուրս ուսումնական նյութեր. «Այսինքն, երեխաների շրջանում կարող է քարոզվել, որ բացի արական և իգական սեռերից, կա սոցիալապես կառուցվող սեռ, որը կարող է չհամապատասխանել բնատուր սեռին: Նման ձևակերպումներ կան կոնվենցիայում: Սպառնալիքներն այս առումով հստակ են, երկրորդ կարծիք չի կարող լինել»:

Այվազյանի խոսքերով, կոնվենցիան իր նպատակին չի ծառայում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու առումով, որովհետև եվրոպական այն երկրները, որոնք վավերացրել են կոնվենցիան, կանանց նկատմամբ բռնությունները տասնյակ անգամներով գերազանցում են Հայաստանի դեպքերին ու նվազման միտում նույնիսկ չկա. «Օրինակ Ֆրանսիայում 2017 թվականին 17 անգամ ավել է եղել, Նիդերլանդներում 58 անգամ, Գերմանիայում՝ 8 անգամ. Հիշեցնենք, որ անցած տարի ԵՄ միանգամից երեք պետություն՝ Բուլղարիան, Սլովակիան, Լատվիան, հրաժարվեցին վավերացնել կոնվենցիան: Երեքն էլ նույն հիմնավորումներով, որ այնտեղ առկա է երրորդ սեռի գաղափարը»:

Բանախոսը պնդեց, որ այսօր Արևմուտքի կողմից թիրախավորված են մեր երկու ազգային ինստիտուտները՝ ընտանիքն ու եկեղեցին. «Եկեղեցու դեմ արդեն մեկ տարի է արշավ է ընթանում, որն, իմ գնահատմամբ, կազմակերպված է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից»:

Նույն շարքից