Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ֆրիդ Սողոյանը ծնվել է Լենինականում, 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրմամբ։
Յուրովի մեկնաբանությամբ է կերտել Ստեփան Շահումյանի, Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ -ում, ԼՂՀ -ում, Սամարղանդում և այլուր, Արևելքի մեծ իմաստասերների արձանները՝ Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում:
Նրա հանրահայտ ստեղծագործություններից են «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ», «Նեստոր տարեգիրը»: