2017 թվականի մայիսին ամերիկյան հեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկը մի հետազոտություն է հրապարակել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասով: Այդ հետազոտության արդյունքների համաձայն, համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանն առաջատարն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Այդ երևույթը բարոյապես անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների 98 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
«Ամուսնական կյանքում ամուսինների ավանդական դերերի նախապատվության հարցում Հայաստանը 82 տոկոսով կրկին առաջատարն է: Հայաստանն 82 տոկսով առաջատար է նաև այն հարցում, որ կինն ունի երեխաներ լույս աշխարհ բերելու սոցիալական պատասխանատվություն: Հայաստանում հարցվածների 96 տոկոսը թմրանյութերի օգտագործումը և պոռնկությունը, 69 տոկոսը՝ հղիության արհեստական ընդհատումը, 79 տոկոսը՝ նախաամուսնական սեռական հարաբերությունները, 56 տոկոսը՝ ամուսնալուծությունը, անբարոյական են անվանում: ՀՀ քաղաքացիների 59 տոկոսը համարում է, որ պետությունը պետք է նպաստի կրոնական արժեքների տարածմանը: Այս հարցում ևս Հայաստանն առաջատար է: 82 տոկոսն ամուր կապ են տեսնում կրոնի և ազգային ինքնության միջև: Այստեղ ևս Հայաստանն առաջատարն է»,-ասաց Այվազյանը՝ հավելելով, որ հենց դրա համար է Արևմուտքը թիրախավորել հայկական ընտանիքն ու եկեղեցին, որոնք պետք է ոչնչացվեն, և հենց այդ նպատակին է ծառայում նաև Ստամբուլյան կոնվենցիան: