ՀՅԴ-ն ակցիա է անում քաղաքապետարանի մոտ՝ կոչ անելով քաղաքապետ Հայկ Մարությանին հետամուտ լինել սեփական խոստումների կատարման հարցում:
Ակցիայի մասնակիցների խոսքերով, Հայկ Մարությանն արդեն 10 ամիս քաղաքապետ է, սակայն տրված խոստումների կատարման հարցում առաջընթաց չկա: ՀՅԴ-ականները հասկանում են, որ 10 ամիսը քիչ ժամանակ է վերջնական արդյունքներ գրանցելու համար, սակայն պետք է արդեն տեսանելի լինեին քայլերը, որոնք արվում են:

Դաշնակցությունը հիշեցնում է աղբահանության խնդրի, վերելակների, գետնանցումների մասին, ինչպես նաև այն, որ մայրաքաղաքի կանաչապատ տարածքը չորանում է: Ակցիայի մասնակիցները լրջանալու կոչ են անում քաղաքապետ Հայկ Մարությանին և դեղին քարտ ցույց տալիս:
Դաշնակցությունը չի կարծում, թե քաղաքապետարանում չեն ուզում աշխատել՝ ենթադրելով, որ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, դրա համար իրենք պատրաստ են առաջարկներ ներկայացնել քաղաքապետարանին, եթե մյուս կողմից միասին աշխատելու ցանկություն լինի: