Հայաստան 

Ուսուցչի օրվա կապակցությամբ Սեյրան Օհանյանը պարգևատրել է մի խումբ ուսուցիչների

analitik.am

Պաշտպանության նախարարությունում ուսուցչի օրվա կապակցությամբ այսօր նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրեց մի խումբ ուսուցիչների: Միջոցառման սկզբում նախարարը նշեց, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է բանակի ու դպրոցի միջև կապը:

 

«Զորամաս-կրթօջախ կապի մասին խոսելով` առաջին հերթին մենք մեր խոնարհումի խոսքերը պետք է ասենք այն մարդկանց, ում քրտնաջան աշխատանքի, օր ու գիշեր չարչարանքի շնորհիվ մենք կարողանում ենք կերտել Հայաստանին պիտանի քաղաքացիներ ու հայրենիքի պաշտպաններ: 2014 թվականը ՀՀ զինված ուժերի համար, ինչպես մնացած տարիները, եղել են լարված աշխատանքի տարիներ: Մեր զինված ուժերն իրենց մեկ երրորդի չափով պաշտպանում են ՀՀ-ի և Արցախի սահմանները, և սահմանային իրավիճակում հայ զինվորի ծառայություն շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հարաբերական խաղաղություն պահպանել ու հայ ժողովրդի խաղաղ արարումը ապահովել»,-նշեց նախարարը` շեշտելով, որ ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր զինծառայող չափազանց բարձր ըմբռնումով ու պարտքի գիտակցումով է մոտենում իր գործին, որն իրականացնում է առաջին գծում:

 

Սեյրան Օհանյանը նշեց, որ արդեն երկար տարիներ է՝ սկսած 1994 թվականից, մեր զինծառայողները գտնվում են խրամատներում, դեմ առ դեմ կանգնած են մեր հակառակորդների դիմաց:

 

«Նրանք հպարտ, ըմբոստ հայացքով, իրենց պատրաստականության բարձր աստիճանով կարողանում են ուժերի հավասարակշռության շնորհիվ ապահովել հարաբերական խաղաղ իրավիճակը»,-նշեց նա:

 

Նախարարի խոսքով` երկրագնդի վրա չկա մի հատված, որն առանց այլ երրորդ ուժի միջամտության կարողանում է պահպանել հակամարտության գոտում գոյություն ունեցող հրադադարը:

 

«Միայն Արցախյան հատվածն ու Ադրբեջանի հետ սահմանակից ՀՀ տարածքներն են, որտեղ մենք դեմ առ դեմ կանգնած, անմիջական շփման պայմաններում կարողանում ենք պաշտպանել մեր սահմանները»,-ընդգծեց նախարարը:

Նախարարն այնուհետև անդրադարձավ դպրոցի, համալսարանների, իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը, որն ուղղված է բանակում փողոցային բարքերի վերացմանը: Նա հորդորեց ներկաներին մատաղ սերնդի մեջ սերմանել միտքը, որ «բանակը մեր տունն է, մեր ամրոցը»:

Միջոցառմանը ներկա էին վերջին շրջանում դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հերոսաբար զոհված զինծառայողների ուսուցիչները: Նրանցից ոմանք հանդես եկան ելույթներով: Միջոցառմանը մասնակցում էին նաև օրինակելի վարքով աչքի ընկած զինվորները, ովքեր հնարավորություն ունեցան շփվել իրենց ուսուցիչների հետ:

Նույն շարքից