Օգոստոսի 1-ից ուղևորափոխադրում է իրականացվելու Չինարի-Բերդ, Պառավաքար-Բերդ երթուղիով: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Բերդ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Հասմիկ Գյոզալյանը:
Ըստ նրա, նախատեսված է օրվա ընթացքում 2 մեկնում և 2 վերադարձ:
Միկրոավտոբուսները Պառավաքարից և Չինարիից կմեկնեն Բերդ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան ժամը 08:00: Ժամը 12:00 Բերդից կվերադառնան Պառավաքար և Չինարի:
Միկորավտոբուսների՝ Պառավաքարից Բերդ և Չինարիից Բերդ 2-րդ մեկնումը կլինի ժամը 14:00-ին: Բերդից 2-րդ վերադարձը դեպի Պառավաքար և Չինարի՝ ժամը 18:00:
Հարցին, թե արդյո՞ք անվտանգ է ճանապարհը դեպի սահմանամերձ գյուղեր, Գյոզալյանը պատասխանեց, որ Չինարի Բերդ հիմնական ճանապարհ է, որով ամեն օր երթևեկում են:
Նա նաև ավելացրեց, որ երթուղին կազմում է 35 կմ, իսկ ուղևորավարձը՝ 200 դրամ․ «Երթուղին նախկինում չի սպասարկվել, Չինարին սահմանամերձ գյուղ է, ճանապարհները նորմալ վիճակում են»,-ասաց Գյոզալյանը:
Նշենք, որ Չինարի գյուղն Ադրբեջանի հետ շուրջ 28 կմ սահման ունի և հակառակորդի կրակոցները ժամանակ առ ժամանակ հնչում են: Գյուղի որոշ տներ ադրբեջանական հենակետերից հեռու են 650 մ, գյուղը եռանկյունու նման մտած է հայ-ադրբեջանական սահմանի մեջ և ադրբեջանական դիրքերն անզեն աչքով երևում են: Պառավաքարը նույնպես սահմանամերձ գյուղ է, հայ-ադրբեջանական սահմանից հեռու է շուրջ 2 կմ:
Գոհար Ստեփանյան