Հայաստան 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա. Ուսուպաշվիլի

analitik.am

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարները՝ Գալուստ Սահակյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին, հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ միմյանց շահերը պաշտպանելու երկու երկրների մտադրությունը, տեղեկացնում Է  «Նովոստի Գրուզիա»-ն: «Մենք մեկ անգամ եւս հավաստեցինք, որ, չնայած այն բանին, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շնորհիվ եվրաինտեգրացման ուղին է բռնել, իսկ Հայաստանը, ելնելով իր ռազմավարական շահերից, պատրաստվում է անդամակցել Եվրասիական միությանը, մեր երկրների միջեւ հարաբերություններում ոչ մի վատ փոփոխություն չի լինի: Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք պաշտպանել միմյանց շահերն այդ միավորումներում»,- հայտարարել է Ուսուպաշվիլին հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:


Հանդիպմանը քննարկվել են առեւտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները: Նշվել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետք է ավելի շատ տրանսպորտային հանգույցներ լինեն:


Ինչպես նշում Է «Չուրզիա Online»-ը, նույն օրը Գալուստ Սահակյանը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ կայացած հանդիպմանը խնդրել է նրան հոգ տանել Վրաստանում գտնվող հայկական մշակույթի հուշարձանների մասին, որոնք վերականգնում ու խնամք են պահանջում: Մասնավորապես, նա նշել է Սուրբ Գեւորգ, Սուրբ Նշան եւ Նորաշեն տաճարները:


Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի խոսնակը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Նույն շարքից